Ադրբեջանական ԱՊԱ (APA) գործակալությունը հայտնում է, որ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը՝ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ, անդրադարձել է դեպի Հայաստան կատարվող տարանցմանը։
«Ինչպես գիտեք, Ադրբեջանի նախագահի նախաձեռնությամբ և որպես բարի կամքի դրսևորում՝ հանվել են տարբեր ուղղություններով, այդ թվում՝ Ռուսաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով ապրանքների տեղափոխման սահմանափակումները»,- նշել է նա:
Փոխվարչապետի խոսքով՝ այս քայլը նպաստում է տարածաշրջանում վստահության ամրապնդմանը, կապերի զարգացմանն ու տնտեսական համագործակցության ընդլայնմանը, ինչպես նաև տրանսպորտային և լոգիստիկ ոլորտներում փոխգործակցության խորացմանը:
Շահին Մուստաֆաևն ընդգծել է, որ ներկայումս Ռուսաստանի Դաշնությունից Ադրբեջանի տարածքով տարանցմամբ Հայաստանի Հանրապետություն է հասցվել շուրջ 26 000 տոննա բեռ: Ըստ նրա՝ փոխադրվող բեռի հիմնական մասը կազմել են ցորենն ու պարարտանյութը։









































