Turkiye իշխանամերձ պարբերականը հայտնել է, որ Անկարայի դատախազությունը «հետաքննությունն է սկսել սոցիալական ցանցերի այն օգտատերերի նկատմամբ, ովքեր Լիբիայի ԶՈՒ ԳՇ պետի ինքնաթիռի կործանման մասին կեղծ լուրեր են տարածում»: Լրատվամիջոցը միեւնույն ժամանակ տեղեկություն է փոխանցել, որ Լիբիայում անցկացված «հարցման արդյունքներով հանրության զգալի մասը կասկածում է աղետի պատճառների մասին տեղեկատվության իսկությանը»: Թուրքիայի ներքին գործերի նախարար Երլիքային աղետի վայրում լրագրողներին ասել է, որ օդանավի անձնակազմը հայտնել է «էլեկտրասարքավորումների խափանման մասին և արտակարգ վայրէջքի թույլտվություն խնդրել, բայց այդ պահին նրա հետ կապը խզվել է»:
Աղետի հետևանքով զոհվել է լիբիացի հինգ բարձրաստիճան զինվորական: Նրանք ներկայացնում են ՄԱԿ-ի կողմից ճանաչված՝ Լիբիայի ազգային համերաշխության կառավարությունը: Թուրքական լրատվամիջոցը ներկայացրել է Լիբիայի ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնն զբաղեցրած գեներալ ալ-Հադադի կենսագրությունը: Նա այդ պաշտոնին նշանակվել է 2020թ. աշնանը և անցած հինգ տարիներին մի քանի անգամ պաշտոնական այց է կատարել Անկարա: Գեներալ Հադադը հանդես է եկել Լիբիայում Թուրքիայի «կայունացնող դերակատարության օգտին»:
Ըստ տեղեկությունների, Լիբիայի ՄԱԿ-ի կողմից ճանաչված կառավարությունը Թուրքիա է գործուղել զինվորականների և տեխնիկական մասնագետների: Նրանք Թուրքիայի պատկան կառույցների հետ հետաքննում են օդանավի աղետի պատճառները: Ուշագրավ է, որ ինքնաթիռի «սև արկղի» տվյալների վերծանության համար «ընտրվել է չեզոք երկիր»: Խոսքը ո՞ր երկրի մասին է, որին միասնաբար վստահում են Թուրքիան և Լիբիան, առայժմ չի հրապարակայնացվում:
Ավելի վաղ ուկրաինական մի շարք թելեգրամ-ալիքներ գրել են, որ լիբիական ինքնաթիռը «խորտակվել է արտաքին ռադիոէլեկտրոնային միջամտությամբ»: Ուկրաինացի փորձագետները միաձայն տեսակետ են հայտնել, որ Թուրքիայի և Լիբիայի միջև ռազմական խորացող համագործակցությունը Հյուսիսային Աֆրիկայում «սահմանափակում է Ռուսաստանի ազդեցությունը»: Որքանո՞վ են իրականությանը մոտ կամ առնվազն հավանական ուկրաինական կողմի տարածած կասկածները, չափազանց բարդ է ասել:
Եթե Անկարայի դատախազությունը նույնիսկ սոցիալական ցանցերի օգտատերերի տարածած լուրերն է հետաքննում, կարելի է ենթադրել, որ թուրքական կողմը նույնպես «արտաքին միջամտության» վերաբերյալ մտահոգություններ ունի: Ինքնությունը վկայակոչեն չցանկացած մի աղբյուր Turkiye-ի լրագրողին աղետի վայրում ասել է, որ եթե «ահաբեկչության հավանականությունը նույնիսկ մեկ տոկոս լինի, այն նույնպես ամենաբծախնդիր և մանրամասն կերպով հետաքննվելու է»:
Լիբիան էներգետիկ պաշարներով հարուստ երկիր է: Չնայած քաղաքական մասնակտվածությանը, միայն այս տարվա տասը ամիսներին նավթի արտահանումից Տրիպոլիի կառավարության եկամուտները կազմել են քսանմեկ միլիարդ դոլար: Երկրի աշխարհագրական դիրքը թույլ է տալիս Հյուսիսային Աֆրիկայում ազդեցություն ամրապնդել: Այս առումով Թուրքիան, իրոք, մրցակիցների պակաս չի կարող ունենալ: Որոշ տեղեկություններով, գեներալ ալ –Հադադը թեև Թուրքիայի հետ ռազմական համագործակցության կողմնակից էր, բայց սկզբունքորեն «դեմ է եղել Լիբիայում օտարերկրյա մշտական ռազմական ներկայությանը»:









































