Ադրբեջանի ցամաքային զորքերի հրամանատար Միրզոև Անկարայում է, որտեղ հանդիպումներ է ունենում Թուրքիայի պաշտպանության նախարարի, ԶՈՒ ԳՇ պետի հետ: Ադբեջանա-թուրքական ռազմական պաշտոնյաների ու գերատեսչությունների ինտենսիվ շփումները շարունակվում են նախորդ տարեվերջից: Դրանք միարժեք դիտարկել որպես վերահաս ռազմական սադրանքի նախապատրաստություն, անշուշտ, բացարձակ ճշգրիտ լինել չի կարող՝ հաշվի առնելով այն, որ Ադրբեջանն ու Թուրքիան ունեն ռազմական սերտ կոոպերացիա և դա ենթադրում է նաև շփումներ:
Մյուս կողմից, սակայն, կասկածից վեր է, որ դրանց ակնհայտ ինտենսիվացումը պահանջում է ցուցաբերել դրանց հանդեպ առավել մեծ զգոնություն և ուշադրություն, և հրավիրել դրա վրա նաև այն դերակատարների ուշադրությունը, որոնք հետաքրքրված են Կովկասով, ի վիճակի են դեր ունենալ Կովկասում անվտանգության համակարգի կառավարման գործում:
Այդ իմաստով, հատուկ ուշադրության է արժանի թերևս հանդիպումը, որ Դավոսում տեղի ունեցավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի միջև: Այստեղ կարևոր ուղղություններից մեկն անշուշտ երկկողմ գործակցությունն է՝ Հայաստանի զինված ուժերի կերպափոխման, արդիականացման հարցում ՆԱՏՕ մեծ փորձառությունն ու հնարավորությունը օգգտագործելու համար: Դրանից զատ, անշուշտ, էական հանգամանքն այն է, որ ՆԱՏՕ անդամ է Թուրքիան, որն էլ սերտ ռազմաքաղաքական գործակցության ու դաշինքի մեջ է Ադրբեջանի հետ: Մարկ Ռյուտեն Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը խոսել էր Կովկասի կայունությանն ու խաղաղությանը աջակցելու մասին:
Այստեղ հարցադրումը թերևս պետք է լինի առարկայական՝ ՆԱՏՕ-ն ի վիճակի՞ է բավարար դեր խաղալ Թուրքիայի և Ադրբեջանի հնարավոր ռազմական ծրագրերը զսպելու ուղղությամբ, հատկապես նկատի ունենալով թե Թուրքիայի անդամությունը, թե նաև Թուրքիայի հետ միջնորդավորված, ինչպես նաև Ադրբեջանի հետ ուղիղ գործակցության ծրագրերի առկայությունը: Նիկոլ Փաշինյանը քննարկե՞լ է այդ հանգամանքին վերաբերող հարցեր Մարկ Ռյուտեի հետ: Եվ ի՞նչ ազդակներ է ստացել Ռյուտեից, արդյո՞ք ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը հայտնելով աջակցությունը կայուն խաղաղության հեռանկարին, ներկայացրել է դրան նպաստելու, նաև իր դաշինքի անդամ Թուրքիային, և նրա միջոցով Ադրբեջանին հնարավոր ռազմական պլաններից զերծ պահելու ՆԱՏՕ հանձնառության որոշակի պայմաններ:








































