Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հայտարարել է, որ մտադիր են իրականացնել մեծ թվով երիտասարդ կամավորների մոբիլիզացիա և նրանց ռազմական ուսուցում ու վարժանքներ, որպեսզի անհրաժեշտության դեպքում նրանք լինեն զինված ուժերի կարողունակ ռեզերվ: Մակրոնը հերթական անգամ հայտարարել է «եվրոպական ռազմավարական արթնացումի» անհրաժեշտության մասին:
Հատկանշական է, որ Ֆրանսիայի նախագահն այդ մասին խոսում է նաև Դոնալդ Թրամփի պաշտոնամուտից հետո: Պաշտոնամուտից անմիջապես հետո Թրամփը ստորագրել է մի շարք հրամանագրեր և արել հայտարարություններ, որոնք ակնառու կերպով խոսում են այն մասին, որ ԱՄՆ 47-րդ նախագահն ըստ էության թերևս ավելի լայն թափով է ձեռնամուխ լինելու աշխարհի վերաբաժանման գործընթացին: Ընդ որում՝ այդ ծրագրերը կամ միտումները ոչ միայն հեռու չեն լինելու նաև Եվրոպայից, այլ էականորեն առնչվելու են:
Ավելին՝ Թրամփի առանցքային թիմակցի կարգավիճակ ունեցող Իլոն Մասկը հայտարարել է այսպես ասած նոր «խորագիր»՝ «դարձնենք Եվրոպան դարձյալ մեծ»: Սակայն, այդ խորագիրը թերևս եվրոպական առաջնորդներին ավելի է մտահոգում, քան ոգեւորում, որովհետև խիստ պրագմատիկ Թրամփն ու Մասկը «մեծ Եվրոպան» անկասկած պատկերացնում են գերազանցապես Միացյալ Նահանգների և նրա քաղաքականության պրիզմայով: Իսկ այդ իմաստով, Թրամփի դաշնակիցները Եվրոպայում աջ պահպանողականներն են, որոնք այսօր Եվրոպայում իշխանություն ունեն մի քանի երկրում, և Ֆրանսիան նրանց շարքում չէ:
Նոյեմբերի 5-ին ընտրվելուց հետո, առաջին եվրոպական երկիրը, որ այցելել է Թրամփը, եղել է Ֆրանսիան: Փարիզի Աստվածամոր տաճարի օծման աառիթով նա եղել է Ֆրանսիայում և հանդիպում ունեցել Մակրոնի հետ, նաև հենց Ֆրանսիայում հանդիպել Զելենսկու հետ՝ Մակրոնի մասնակցությամբ՝ քննարկելով ուկրաինական պատերազմը կանգնեցնելու հարցը: Թրամփը իր պաշտոնամուտից հետո հայտարարել է, որ պատրաստվում է Պուտինի հետ հանդիպման՝ ասելով, որ Պուտինը պետք է համաձայնի գործարքի:
Ըստ Թրամփի, նա ուկրաինական պատերազմով «փլուզում է Ռուսաստանը»: Թրամփի այդ կոշտ հայտարարությունը պարզապես հանրային քարոզչակա՞ն էֆեկտի համար է, թե՞ նա մտադիր է կոշտ վերջնագրեր ներկայացնել Պուտինին: Եթե Պուտինը փլուզում է Ռուսաստանը, ինչպես կարծում է Թրամփը, ապա ինչո՞ւ շտապել հանդիպել Պուտինի հետ և փաստորեն կասեցնել Ռուսաստանի «փլուզումը»: Կնշանակի, որ Թրամփը չի ուզո՞ւմ այդ փլուզումը, թե՞, այդուհանդերձ, դա իսկապես հրապարակային հայտարարություն է, իսկ ուկրաինական պատերազմում Թրամփ-Պուտին գործարքի գինը վճարողը, ըստ էության, լինելու են Ուկրաինան ու Եվրոպան: Համենայն դեպս, Ֆրանսիայի, նաև մի քանի այլ եվրոպական առանցքային խաղացողների վարքագիծը հուշում է այդ առնչությամբ նրանց մեծ մտավախության մասին:








































