Պաշտոնանկությունների շարքը, որ դատաիրավական բլոկում և մի քանի այլ կառույցներում «փաթեթով» իրականացնում է Նիկոլ Փաշինյանը, բավականին ցուցադրական է՝ պարզապես կադրային փոփոխություններ և կառավարման արդյունավետության միտված նպատակադրում ունենալու համար: Այդ իմաստով, խոսքը, թերևս, կադրային «հատուկ գործողության» մասին է, որ իրականացնում է Փաշինյանը: Սովորաբար, հատուկ գործողություն իրականացվում է հենց իրավապահների միջոցով, այս անգամ Փաշինյանը փաստորեն հատուկ գործողություն է իրականացնում նրանց դեմ:
Իհարկե, էական է այն, թե ո՞րն է այդ հատուկ գործողության նպատակը: Նպատակի վերաբերյալ դիտարկումներ, գոնե նախնական, արդեն իսկ հասցրել ենք անել: Բայց ոչ պակաս էական է այն, թե ինչո՞ւ է տեղի ունենում այդ ցուցադրական հատուկ գործողությունը: Այն բավականին հնչեղ է՝ պարզապես PR նպատակ հետապնդելու համար: Հետևաբար, նպատակն ու մոտիվներն ավելի բազմաշերտ են: Փաշինյանը ֆեյսբուքյան գրառումով հայտնում է հանրությանը, թե ինքը խնդրել է մի շարք պաշտոնյաների ներկայացնել հրաժարական, և նրանք ընդունել են խնդրանքը:
Դրա համար, իհարկե, նա շնորհակալություն է հայտնում այդ պաշտոնյաներին, բայց ամբողջ հարցն այն է, որ ֆեյսբուքյան անդրադարձի ձևաչափն ինքնին նվաստացուցիչ է այդ պաշտոնյաների համար: Ու նաև ուշադրության է արժանի այն, որ հրապարականի մասին հայտարարողներից և ոչ մեկը չի էլ ակնարկում, որ դա անում է վարչապետի «խնդրանքով»: Հետևաբար, պետք է ենթադրել, որ կատարվողն իր խորքում կամ «ներսում» ունի առավել բարդ կառուցվածք և չի բացառվում անգամ, որ փոփոխությունները ոչ թե Նիկոլ Փաշինյանի գաղափարն են, այլ գաղափար կամ միտք, որին որևէ կերպ դիմադրելը Փաշինյանը համարել է անօգուտ և գուցե ավելորդ՝ «խնդրելով» այդ պաշտոնյաներին ներկայացնել հրաժարական ու հեռանալ:
Այդ առումով, որոշակի ցուցիչ կարող է դառնալ այն, թե մինչև ո՞ւր են ձգվելու պաշտոնանկությունները, և գլխավորը՝ ովքե՞ր են լինելու նոր նշանակումները: Դրանից պարզ կլինի ոչ թե այն՝ հատուկ գործողություն է տեղի ունեցողը, թե ոչ, այլ այն, թե ո՞վ կամ որտեղ է այդ հատուկ գործողության հեղինակը:








































