Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի առնչությամբ հաճախ է խոսվում Բրյուսելի սկզբունքների մասին, կամ՝ Գրանադայի սկզբունքների մասին, դրանց պահպանման կամ դրանց խախտման մասին: Խոսքը վերաբերում է Բրյուսելի հովանու ներքո հայ-ադրբեջանական բանակցության, կամ՝ Գրանադայում առանց Ադրբեջանի մասնակցության տեղի ունեցած քառակողմ հանդիպմանը Հայաստանի ու եվրոպական եռյակի միջեւ: Այդ սկզբունքների մասին խոսում են Հայաստանի պաշտոնյաներ, փորձագետներ, երբեմն խոսում են միջազգային դիվանագետներ: Բայց, ի՞նչ են ի վերջո այդ սկզբունքները: Դրանք այլ բան չեն, քան այսպես կոչված միջազգային իրավունք հասկացությունը: Դրանք միջազգային իրավունքի սկզբունքներ են:
Հետեւաբար, դրանց կենսունակությունն ու այսպես ասած աշխատունակությունը կարող է չափվել միայն ներկայումս միջազգային իրավունքի ուժով եւ կենսունակությամբ, հասկանալու համար, թե օրինակ Կովկասի խաղաղության հարցում որքան ռացիոնալ եւ հուսադրող կարող է լինել այդ սկզբունքներին ապավինումը, եթե անգամ Ադրբեջանը հայտարարի դրանց հավատարմության մասին: Ի վերջո, կա՞ աշխարհում մի շատ, թե քիչ էական մի երկիր, որը կասկածի տակ է դնում միջազգային սկզբունքներն ու իրավունքը:
Բոլորը խոսում են միջազգային իրավունքի, սկզբունքների մասին, բայց գործում ըստ քաղաքական իրողությունների, ըստ սեփական շահերի, ըստ հնարավորությունների, պատեհության: Եվ, եթե այդ մոտիվները պահանջում են շրջանցել կամ նույնիսկ բաց «ճակատով» գնալ միջազգային սկզբունքներին եւ իրավունքներին դեմ, ապա գնում են անվարան՝ որպես կանոն դրանից առաջ նախապատրաստելով դիմացինին ուղղված մեղադրական «ճառը»՝ միջազգային իրավունքի եւ սկզբունքների խախտման վերաբերյալ: Հարկ է արձանագրել, եւ թերեւս ցավով, որ այսօր, եւ արդեն ըստ էության տարիներ շարունակ, միջազգային իրավունքն ու սկզբունքները համաշխարհային քաղաքականության մեջ, միջազգային հարաբերությունների դաշտում դարձել են ամենադեվալվացված «դրամական միավորը»:
Նրանք այսօր գին չունեն եւ ցավոք սրտի շարունակում են արժեզրկվել: Հետեւաբար, դրանց մասին խոսել իհարկե պետք է, դրանք շեշտադրել, դրանց հիմքով միջազգային իրավա-քաղաքական նախաձեռնություններ եւ հարցադրումներ պարբերաբար իրականացնելը կարեւոր է, բայց հավատալ դրանց՝ անգամ երբ որեւէ մեկը դրանցով «երդվում» է դրանցով նայելով աչքերիդ, հավասարազոր կլինի ոչ միայն միամտության, այլ նույնիսկ ինքնասպանության: Ըստ այդմ, Հայաստանի անվտանգության հարցում անհրաժեշտ են թերեւս այլ սկզբունքներ, որոնք պետք է դառնան մեր ներքին հարաբերությունների արդիականացման հիմքը: Հայաստանի անվտանգության հարցում առավել կենսունակ կարող է լինել Հայաստանի ներքին կյանքում իրավունքի գերակայությունը եւ հասարակական հարաբերությունների այն սկզբունքները, որոնք թույլ կտան չեզոքացնել ներկայիս ներքին մեծ բեվեռացվածությունն ու ինքնաոչնչացման՝ արդեն կարծես թե «ինքնահոսի» վրա դրված ռեժիմը:








































