Քաղաքացիական պայմանագրիր կուսակցության Գյումրու ավագանու խմբակցությունը հայտարարել է, որ միակողմանի դուրս է գալիս Բալասանյան դաշինքի հետ գործակցությունից, իսկ ՔՊ քվոտայով նշանակված փոխքաղաքապետերը կներկայացնեն հրաժարական: Գյումրու քաղաքային իշխանությունը ձեւավորվեց Բալասանյան դաշինքի եւ ՔՊ կոալիցիայի շնորհիվ: Երկու ուժերը քաղաքային Ավագանու ընտրության առաջատարներն էին, մեկ մանդատով առաջ էր Բալասանյան դաշինքը, որի ղեկավարն էր Գյումրու գարեջրի գործարանի սեփականատեր, նախկին ՕԵԿ-ական, հետո ԲՀԿ-ական, հետո ԲՀԿ-ն էլ լքած Սամվել Բալասանյանը, որը հանրությանը հայտնի է իր «ճակատին գրված է ՕԵԿ» արտահայտությամբ: Ի դեպ, բոլորովին վերջերս Հայաստանի վարչապետի առաջարկով եւ ՀՀ նախագահի հրամանագրով Բալասանյանի որդին նշանակվեց Իրաքում Հայաստանի հանրապետության դեսպան:
Այդ պայմաններում, հաշվի առննելով հայաստանյան իրողությունները, բավականին տարօրինակ է հնչում ՔՊ եւ Բալասանյան դաշինքի «խզման» մասին ՔՊ խմբակցության հայտարարությունը: Ըստ ամենայնի, Գյումրիում սկսում է պրոցես, որը կհանգեցնի նրան, որ Բալասանյան դաշինքի փոխարեն, քաղաքային իշխանության գործադիր կառավարումը կանցնի ՔՊ-ին: Ավագանում կան երեք այլ՝ անհամեմատ ավելի փոքր խմբակցություն ունեցող ուժեր, Զարթոնքը, Հանրապետականւ եւ Ապրելու երկիրը: Տարօրինակ չի լինի իհարկե, եթե օօրինակ անհամեմատ ավելի փոքր Ալավերդի համայնքում գործադիր իշխանությունը վերցնելու համար գործնականում միջոցների առաջ կանգ չառած ՔՊ-ն, ձգտի վերցնել նաեւ հանրապետության երկրորդ քաղաքի գործադիր իշխանության ղեկը, հաշվի առնելով Գյումրու էլեկտորալ եւ նաեւ հոգեբանական մեծ նշանակությունը: Հարցն այն չէ, որ Բալասանյան դաշինքը սուր ընդդիմադիր է, կրկնեմ՝ հենց ՔՊ ներկայացնող կենտրոնական իշխանությունն է դաշինքի առաջնորդի որդուն նշանակել Իրաքում ՀՀ դեսպան:
Չի բացառվում անգամ, որ այդ նշանակումը «փոխանակում» էր՝ Գյումրու գործադիր իշխանության կարգավիճակի հետ, եւ այժմ գուցե սկսում է պրոցեսը: Համենայն դեպս, հանրապետության երկրորդ քաղաքում իշխանությունը հենված էր հենց Բալասանյան-ՔՊ գործակցության, կոալիցիայի վրա, եւ, եթե ՔՊ-ն այժմ հայտարարում է, որ միակողմանի դուրս է գալիս դրանից, ապա կնշանակի, որ իշխանությունը երկրորդ քաղաքու դե ֆակտո փլուզվում է, դառնում ճգնաժամահեն, ըստ այդմ՝ հայտնվում թերեւս խմորումների նոր փուլում: Սակայն ՏԻՄ մակարդակում տեղի ունեցող այս գործընթացները հուշում են, որ ընդհանրապես նոր փուլ է հասունանում համապետական քաղաքական կյանքում, այլապես քաղաքական իշխանությունը հազիվ թե բարդ մարտահրավերներով լեցուն ժամանակաշրջանում պարզապես զբաղվեր ՏԻՄ համակարգում իշխանության ինքնանպատակ բյուրեղացմամբ:










































