Դեկտեմբերի 5-ին Սերգեյ Լավրովի նախագահությամբ գումարվում է մերձկասպյան երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդաժողով: Այդ մասին տեղեկացրել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան եւ անոնսավորել, որ կքննարկվի հարցերի լայն շրջանակ եւ կգործարկի նախարարական մակարդակով պարբերական երկխոսության մեխանիզմ այն մանդատի շրջանակներում, որ համաձայնեցվել է Աշգաբադի 2022թ. գագաթնաժողովում:
Կասպյան ավազանը բաժանված է ափամերձ երկրների՝ Ռուսաստանի, Իրանի, Ղազախստանի, Թուրքմենստանի եւ Ադրբեջանի միջեւ, ինչպես նաեւ սահմանված է չեզոք գոտի, որ նավարկության համար ազատ է: Այդուհանդերձ, Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին համաձայնագրով հինգ երկրները պարտավորված են բնապահպանական խնդիրներ հարուցող որեւէ նախագիծ մշակելու դեպքում հաշվի առնել միմյանց նկատառումները եւ վերապահումները:
Մերձկասպյան երկրների արտաքին գործերի նախարարների մոսկովյան հանդիպումը տեղի է ունենում Բաքվում Կենտրոնական Ասիայի երկրների տնտեսական զարգացման Ծրագրի գագաթնաժողովից հետո: Այդ միջոցառման արդյունքում ընդունվել է Կենտրոնական Ասիա-Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա տրանսպորտային միջանցքի լոգիստիկայի թվայնացման ճանապարհային քարտեզ, ինչպես նաեւ՝ Հռչակագիր: Խոսքը Եվրամիություն-Կենտրոնական Ասիա առեւտրա-տնտեսական հաղորդակցության մասին է:
Կենտրոնական Ասիայի երկրներից մերձկասպյան են Ղազախստանը եւ Թուրքմենստանը: Եվրամիության հետ Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի տարածքով կապվելու համար Կենտրոնական Ասիայի երկրները պետք է «միջանցք» ունենան Կասպից ծովում, իսկ դա հնարավոր է իրականացնել Ղազախստանի եւ Թուրքմենստանի նավահանգիստների միջոցով: Մոսկվան, կարծես, Ղազախստանին, Ադրբեջանին եւ Թուրքմենստանին հիշեցնում է Կասպից ծովում իր ներկայությունը:
Բանն այն է, որ Ղազախստանը սեփական քաղաքացիական եւ ռազմական նավատորմի արդիականացման ծրագիր է մշակում, Ադրբեջանը մի քանի տարի է՝ լրջորեն զբաղված է նույն հարցով, նավագնացության արդիականացման քայլեր է ձեռնարկում նաեւ Թուրքմենստանը: Կասպից ծովը ներփակ ավազան է, ջրային միակ հաղորդուղին անցնում է Ռուսաստանի տարածքով: Այնպես որ Մոսկվան անհրաժեշտության դեպքում կարող է խոչընդոտներ ստեղծել կամ բնապահպանական նկատառումներով համաձայնություն չտալ, ասենք, ղազախական նավթը լցանավերով Ադրբեջան տեղափոխելու, ապա Բաքու-Ջեյհան խողովակաշարով արտահանելու ծրագրին, որը մասնակիորեն գործում է:
Ռուսաստանի համար, անշուշտ, Կենտրոնական Ասիայում Եվրամիության ներկայությունը մարտահրավեր է: Սկզբունքորեն դա հակասում է նաեւ Թուրքիայի եւ Իրանի շահերին: Բայց աշխարհաքաղաքական ներկա իրավիճակում ազդեցության ի՞նչ լծակներ կարող է գործի դնել Մոսկվան: Ռուսաստանի նախագահը վերջերս այցելել է Ղազախստան, կողմերն այն գնահատել են «պատմական»: Ի՞նչ բնույթի եւ ծավալի համաձայնություններ կամ հեռանկարներ են արձանագրվել՝ հրապարակային մակարդակում տեղեկություններ չկան:
Մոսկվան դեկտեմբերի 5-ին ցույց կտա պնդօղակները ձգելու կոշտ կեցվա՞ծք, թե՞ կփորձի համադրել ԵՄ-Կենտրոնական Ասիա կասպյան միջանցքի եւ Իրանի հետ Ռուսաստանի ուղղահայաց հաղորդակցության ծրագրերը: Ամենայն հավանականությամբ ադրբեջանական «խաչմերուկի» խնդիրն այդ քննարկումներում առանցքային է լինելու:






































