Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատրաստվում է այցելել Ղազախստան եւ Ուզբեկստան: Ֆրանսիայի նախագահի այցի գլխավոր մոտիվ դիտվում է էներգետիկ անվտանգությունը: Ֆրանսիան, որ իր էներգիայի ավելի քան 80 տոկոսն ապահովում է միջուկային ռեակտորներով, այդ առումով լինելով Եվրոպայում գազից առավելագույնն անկախ պետություն, այդուհանդերձ կախված է ուրանի մատակարարումներից: Ֆրանսիան Ուրան ձեռք է բերում տարբեր աղբյուրներից, սակայն դրանց գերակշռող մասը Աֆրիկան է, որտեղ Փարիզը վերջին շրջանում ունի խնդիրներ:
Հատկապես այն բանից հետո, երբ Նիգերում տեղի ունեցավ հեղաշրջում, Ֆրանսիան զրկվեց Նիգերում ուրանի արդյունահանման հնարավորությունից, որ պատկանում էր ֆրանսիական ընկերության: Իսկ Նիգերը Ֆրանսիայի ուրանի մոտ 40 տոկոսի մատակարարն էր: Նիգերում իշխանության եկած ուժը հայտարարեց, որ դադարեցնում է Ֆրանսիային ուրանի մատակարարումը: Մոտ 40 տոկոսը շոշափելի թիվ է էներգետիկ անվտանգության տեսանկյունից, հատկապես, եթե հաշվի առնենք այն, որ ուրանի համաշխարհային արդյունահանման ծավալը ըստ տարբեր հաշվարկների՝ գրեթե կիսով չափ ցածր է համաշխարհային պահանջարկից: Այդպիսով պարզ է դառնում, թե նոր եւ խոշոր մատակարարումների աղբյուր գտնելը որքան կարեւոր է Ֆրանսիայի համար:
Իսկ Կենտրոնասիական ռեգիոնը, մասնավորապես Ղազախստանն ու Ուզբեկստանը ուրանի շոշափելի պաշար ունեցող երկրներ են, որոնց հետ էլ Փարիզը կփորձի թերեւս պայմանավորվել: Ի դեպ, ամիսներ առաջ հենց կենտրոնասիական երկրների նախագահներն էին Ֆրանսիայի հյուրը: Միաժամանակ, պայմանավորվելը թերեւս լինելու է շատ բարդ, եթե հաշվի առնենք, որ Կենտրոնական Ասիայում աշխարհաքաղաքական մեծ ազդեցություն ունեն ոչ միայն Ռուսաստանն ու Չինաստանը, այլ նաեւ՝ Թուրքիան, որն ունի թե ազդեցություն, թե այն ավելի մեծացնելու հավակնություն: Իսկ Թուրքիայի հետ Ֆրանսիայի հարաբերությունն ու դրանց աշխարհաքաղաքական համատեքստը հայտնի է եւ դրսեւորված է բավականին ընդգրկուն ու արտըահայտիչ ձեւով, եւ դրսեւորման ասպարեզ է եղել, ու անկասկած շարունակում է լինել նաեւ Հարավային Կովկասը: Այդ իմաստով, կասկածից վեր է, որ Ֆրանսիայի նախագահի Կենտրոնասիական այցը եւ դրա արդյունքը էական նշանակություն են ունենալու նաեւ կովկասյան ռեգիոնում իրողությունների եւ դրանց հետագա ընթացքի համար:









































