Անցնող օրերի ընթացքում Երևանն ու Բաքուն բավականին աշխույժ աշխատել են իրանյան հարթակում, ինչը հնարավոր է եզրակացնել այն հանգամանքից, որ Հայաստանի ԱԽ քարտուղարի Թեհրան կատարած այցից և բավականին ներկայացուցչական, ընդհուպ Իրանի նախագահի և ԶՈՒ ԳՇ պետի հետ հանդիպումներ ներառող այցից հետո Թեհրան է այցելել ու այդ թվում նախագահ Ռեյիսիի հետ հանդիպել Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչը: Այլ կերպ ասած, Գրանադայում հայ-ադրբեջանական հանդիպում չստացվեց, փոխարենը անուղղակի «հանդիպում» է ստացվել Իրանում, ինչը սակայն հարաբերական, պայմանական իմաստով է այդպիսին, իսկ գործնականում մեծ հավանականությամբ Երևանն ու Բաքուն «մրցակցում» են Իրանին ինչ որ բանում համոզելու առնչությամբ:
Հնարավոր է ենթադրել, որ Երևանը համոզում է կամ ակնկալում է Իրանից աջակցություն ստանալ Ադրբեջանի հնարավոր ռազմական նկրտումներ զսպելու, այսպես ասած «միջանցքային հավակնություն» զսպելու հարցում, իսկ Ադրբեջանը հակառակը՝ ստանալ այդ հարցում Իրանից «կանաչ լույս», կամ առնվազն ստանալ Իրանից Հայաստանի հանդեպ քաղաքական ճնշմանը միանալու համաձայնություն: Հայաստանի ԱԽ քարտուղարի հետ հանդիպումներում Իրանն արել է երկու առանցքային դիտարկում: Մեկն այն է, որ կրկնել է ռեգիոնում աշխարհաքաղաքական փոփոխությունների՝ իր համար անթույլատրելի լինելը, մյուսն այն, որ հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին դիտորդներ նշանակելու պատրաստակամություն, ու դատելով այն հանգամանքից, որ դա արել է ԳՇ պետը, ենթադրվում է, որ խոսքը զինվորական դիտորդների մասին է:
Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցչին Բաքուն փոխանցել է, որ «Զանգեզուրյան միջանցքի» հավակնությունները կարող են դառնալ արտառեգիոնալ ուժերի մուտքի պատճառ, ինչը Իրանի համար անթույլատրելի է: Փաստացի, Թեհրանը մերժել է «միջանցքի» հարցում աջակցելու Բաքվի ակնկալիքը, բայց, արդյո՞ք արդարացրել է Բաքվին զսպելու Հայաստանի ակնկալիքը: Սա հարց է, որի պատասխանը թերևս դիտորդներ տեղակայելու պատրաստակամության մեջ է: Գրանադա չմեկնելու մասին Ալիևի որոշումից հետո Իրանի այդ պատրաստակամությունը Երևանը թերևս պետք է ենթարկի լուրջ քննության և դիտարկման, հատկապես այն պարագայում, որ կարծես թե գոնե առայժմ Ադրբեջանի հրաժարումը չի արժանացել խոշոր որևէ դերակատարի նախատինքին կամ դիտողությանը:









































