
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կարծում է, որ հունիսի 5-ին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքները հնարավորություն կտան՝ սկսել նոր պետության կառուցումը։ Այս մասին հաղորդում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը՝ Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ֆեյսալ բեն Ֆարհան ալ-Սաուդի հետ հանդիպման արդյունքներով։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները՝ շեշտը դնելով քաղաքական, առևտրատնտեսական, ներդրումային, մշակութային և հումանիտար համագործակցության ամրապնդման վրա։
Կիրակի օրը Ղազախստանում տեղի է ունեցել սահմանադրական փոփոխությունների հանրաքվե։ Դրանց համաձայն՝ կրճատվում են պետության ղեկավարի լիազորությունները, զգալիորեն ամրապնդվում է խորհրդարանի և տեղական ներկայացուցչական մարմինների դերը, համակարգվում է մարդու իրավունքների ոլորտը, վերստեղծվում է Սահմանադրական դատարան, մահապատիժը վերանում է։ Կասեցվում է նաև երկրի առաջին ղեկավար Նուրսուլթան Նազարբաևի հատուկ կարգավիճակը։