Տնտեսագետների պնդմամբ՝ ռուբլու փոխարժեքի անկումն ամենից էական և անմիջական վատ ազդեցությունը թողնելու է Հայաստանից արտահանվող ապրանքների արժեքի վրա, մասնավորապես մեծ է վտանգը, որ Ռուսաստանում այդ ապրանքների մրցունակությունը կարող է զգալի նվազել և հանգեցնել արտահանման ծավալի կտրուկ կրճատման: Նշենք, որ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2021 թվականին Հայաստանը Ռուսաստան է արտահանել 847 մլն դոլարի ապրանք, իսկ ներմուծումը կազմել է մոտ 1 մլրդ 782 մլն դոլար։ Որոշ փորձագետներ կանխագուշակում են, որ հատկապես տուժելու է արտահանման ընդհանուր ծավալի մեջ կայուն ու մեծ տեղ զբաղեցնող գյուղատնտեսության մթերքների, ինչպես նաև ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների, պահածոյացված մթերքների և այլ ապրանքների արտահանումը:
«Շատ տհաճ և տխուր իրավիճակ է ստեղծվել սանկցիաների տակ հայտնված Ռուսաստանի ու արժեզրկված ռուբլիի պատճառով, քանի որ մեր արտահանման հիմնական շուկան Ռուսաստանն է, ավելին՝ կախվածության մեջ ենք։ Իսկ մարդասիրական տեսանկյունից ահավոր ողբերգություն է տեղի ունենում, որի հետևանքները երկար տարիներով չեն վերականգնվելու․ սակայն ինձ համար կրկնակի ցավալի է, որ մեկ տարի առաջ աշխարհի համար ոչինչ էր Արցախում տեղի ունեցող ողբերգությունը, մեր զիվորի կյանքը, մեր արժանապատվությունը, որ գոնե ինչ-որ կերպ պատժեին ագրեսորին»,-մեզ հետ զրույցում ասաց «Գինեգործների միության» նախագահ Ավագ Հարությունյանը:
Մյուս կողմից, սակայն, նա համաձայն չէ, որ անընդհատ խոսում ենք միայն վնասներից և չենք փորձում խնդրին նայել այն տեսանկյունից, որ եթե մի դուռ փակվել է, մի դուռ էլ բացվել է, պետք է բաց դռան մասին մտածել։ Թեև ցավալի է, որ կործանարար, դաժան պատերազմի պատճառով է այս իրավիճակը ստեղծվել,սակայն ՀՀ-ից պահանջվում է առավելագույնս ճկուն լինել և փորձել Ռուսաստանից կախվածությունը մի փոքր թոթափել՝ արագ այլ շուկաներ գտնելով: Հարությունյանը նշեց, որ տնտեսության դիվերսիֆիկացիայի առումով իր լավատեսությունը պայմանավորված է փաստացի իրողություններով, որոնք տեղի են ունեցել բոլոր ճգնաժամերից հետո և որի մասին խոսում են նաև թվերը. «Տեսեք՝ ինչպես ենք ամեն մի ճգնաժամից հետո, փոքր-ինչ դասեր քաղելով, կախվածությունը քչացրել։ Եթե 1998 թվականին շուրջ 98 տոկոս էր ռուսական ազդեցությունը, ապա 2008-ի ճգնաժամից հետո այն 94տոկոսի իջավ, 2014-ին հասավ մինչև 89 տոկոսի, հիմա էլ ավելի պակաս է՝ 80-ի մոտ գրեթե, և դեռ կշարունակվի»:
Այդ փորձառության արդյունքում մեր զրուցակցի գնահատմամբ՝ գինեգործությունը կոնկրետ բավականին դիվերսիֆիկացվել է, և հիմա կարող է հարմարվել այն փաստերին, որ Ռուսաստանում ընկնելու է վճարողունակությունը,արդեն իսկ մոտ 25-30 տոկոսով թանկացել է ալկոհոլային խմիչքը։ Բացի այդ՝ նա դրական է գնահատում, որ այս տարի մեզ մոտ կոնյակի արտադրությունը կքչանա, կհավասարակշռվի, քանի որ կոնյակի ավել արտադրությունը կապված էր առավելապես ռուսական շուկայի հետ: Ընդհանուր առմամբ, սակայն իմ հաշվարներով՝ եթե երկար չտևի այս վիճակը և ավելի վատ զարգացումներ չլինեն, ինչը շատ հավանական է, եթե հանկարծ չմտնենք պատժամիջոցների տակ, պահպանենք մինչև վերջ չեզոքությունը,ապա կունենանք 30-40 տոկոսի չափով կորուստ»,-ընդգծում է գինեգործը:Ինչ վերաբերում է ողջ գյուղատնտեսությանը , նրա դիտարկմամբ՝ այն ավելի շատ կտուժի, սակայն դա կարող է լրացվել նրանով, որ Ռուսաստանից ներկրվող հսկայական ծավալի ապրանքերը Հայաստան կներմուծվեն ավելի էժան գներով, քանի որ, ըստ նրա՝ ռուբլու արժեքի անկումը պատճառ է դառնալու Ռուսաստանից արտահանվող ապրանքների զուսպ կամ էժան գներով արտահանման խթանման։
Գյուղատնտես Հրաչ Բերբերյանը կարծում է, որ ռուբլու արժեքի անկման հետևանքով գյուղատնտեսական որոշ մթերքներ գրեթե խնդիր չեն ունենա, ավելին՝ բավականին լավ մրցակցային դիրքում կարող են հայտնվել, սակայն որոշ տեսակի մթերքների, օրինակ՝ խմիչքեղենի ու պահածոյացված ապրանքների համար կարող են ստեղծվել անշահավետ մրցակցային պայմաններ, որից իսկապես կտուժեն։ Իմ կարծիքով, օրինակ՝ ծիրանի, կարտոֆիլի արտահանման խնդիր չենք ունենալու, հատկապես եթե հաշվի առնենք, որ մի քանի երկիր Ռուսաստանին ապրանք չեն վաճառելու, այդ թվում՝ Լեհաստանն այս տարի Ռուսաստանին կարտոֆիլ չի տալու, Բելառուսի մասին արդեն ասվում է, որ տարին երաշտային է և բերքը լավը չէ։ Ինչ վերաբերում է բանջարեղենին, ըստ նրա՝դարձյալ վնասները մեծ չեն լինի, քանի որ մենք մեծ քանակով չենք արտահանում հայտնի պատճառներով. նախ, որ ներքին շուկայի համար է մեծամասամբ, հետո՝ էներգակիրների վրա ծախսի պատճառով մեր բանջարեղենը բարձր գին է ունենում այլ երկրների համեմատ, Բանջարեղենի համար խնդիրն առաջանալու է ներքին շուկայում,երբ թուրքական ապրանքը լցվի Հայաստան։ «Այսպիսով՝ շատ ապրանքների արտահանումը կարող է ընդլայնվել, եթե նախարարության կողմից գյուղատնտեսական ճիշտ ու ճկուն քաղաքականություն վարվի»։ Ըստ Բերբերյանի՝այս իրավիճակում նախարարության ճիշտ քայլն այն կլինի,որ արդյունավետ սուբսիդավորումներ կատարի ու ոչ բանկերի միջոցով։ «Բանկերը գյուղատնտեսությունը կործանող գործիք են դարձել, որոնց նպատակը գյուղացուն անխնա թալանելն է։ Հատկապես շատ բացասական է հիմա կիրառվող մեթոդը, որով բանկերը վարկեր տրամադրում են ապահովագրական պայմանագիր ունենալու նախապայմանով։ Ինչպես կարելի է անպատկառ և անամոթ ձևով, օրինակ՝ 15 միլիոն դրամ վարկ տալու համար պահանջել 3,5 մլն մուծում ապահովագրության համար»,-շեշտեց Բերբերյանը։








































