Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպումը որոշակիորեն նվազեցրեց ուշադրությունն Արևելյան գործընկերության ծրագրի Վեհաժողովի հանդեպ, որ տեղի ունեցավ դեկտեմբերի 15-ին: Մինչդեռ, այս ձևաչափը ոչ միայն ունեցել է կարևոր նշանակություն, այլ գործնականում նոր իրավիճակում ստանում է առավել էական նշանակություն Հայաստանի համար անվտանգային և քաղաքական խնդիրների համատեքստում: Մասնավորապես, երբ մենք խոսում ենք ռեգիոնալ ձևաչափերի մասին և դիտարկում «3+3» նախաձեռնության հնարավորություններն ու վտանգները, մարտահրավերներին դիմակայելու մեր կարողությունը, ինչպես նաև Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի չեզոքացում թույլ չտալու գերխնդիրը, պետք է թերևս նկատի ունենանք մի հանգամանք:
Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագիրն ըստ էության յուրօրինակ մի ձևաչափ է, որը զուտ ռեգիոնալ չէ Կովկասի համար, սակայն ներառում է, ընդգրկում է ռեգիոնը և այդ իմաստով որոշակի պայմանականությամբ կամ հարաբերականությամբ, սակայն այսպես ասած հակակշիռ ձևաչափ է, այլընտրանք ձևաչափ է: Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագիրն ընդգրկում է հետխորհրդային վեց երկիր, որից այժմ մնացել է հինգը, քանի որ Եվրամիությունը սառեցրել է Բելառուսի հետ հարաբերությունը այդ երկրում նախագահի ընտրության հայտնի իրադարձություններից հետո: Հինգ երկրներից երեքը Կովկասում են՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան: Այդ ծրագրի շրջանակում նրանց հետ ԵՄ հարաբերության աստիճանը տարբեր է, սակայն ընդհանուր հարաբերությունն առկա է և այդ առումով նկատելի է, որ դեկտեմբերի 15-ի Վեհաժողովին թե Հայաստանը, թե Վրաստանը և թե Ադրբեջանը ներկայացված էին առաջին դեմքերի մակարդակով: Եվ քանի որ ներկայումս փորձ է արվում ռեգիոնալ առումով հարցերը պարփակել «3+3» տրամաբանությամբ, Արևելյան գործընկերության եվրոպական ծրագրի կենսունակության հարցը դառնում է կարևոր այն երկրների համար, որոնց համար այդքան էլ ոգևորիչ չի կարող լինել ռեգիոնի «3+3»-ի շրջանակում պարփակելը: Այս տեսանկյունից կարևոր է նաև, որ ԱԳ կենսունակության հարցում նախանձախնդիր լինի նաև Եվրամիությունը:
Այստեղ նշմարվում է այդպիսի պատրաստակամություն, և ի դեպ, Փաշինյան-Ալիև հանդիպում կազմակերպելուև միջնորդական ջանքով աչքի ընկնելու ԵԽ նախագահ Միշելի փորձը թերևս զգալիորեն պայմանավորված է նաև հենց ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի ռեգիոնալ կենսունակությունն ապահովելու նկատառումով, ինչի մասին կարծիք արտահայտել եմ նաև ավելի վաղ: Այս առումով, առնվազն Երևանն ու Թբիլիսին պետք է փորձեն իրենց ուժերի առավելագույնի չափով անել հնարավորը, որպեսզի ապահովվի Արևելյան գործընկերության ձևաչափի ռեգիոնալ դերակատարման անհրաժեշտ աստիճան ու մասշտաբ, այդպիսով 3+3-ի նախաձեռնության գործընթացի կայուն հակակշիռ ապահովելու համար:








































