Մամուլում տեղեկություն է հայտնվել, որ դեկտեմբերի 9-10-ին Վաշինգտոնում կայանալիք ժողովրդավարության համաժողովին մասնակցելու համար ԱՄՆ կառավարությունը հրավեր է հղել Հայաստանին, իսկ Թուրքիային ու Ադրբեջանին՝ ոչ: Դեռևս պարզ չէ, թե ինչ մակարդակով կմասնակցի Հայաստանը, սակայն անկասկած է, որ ԱՄՆ կառավարության վերաբերմունքը Հայաստանի համար կարող է lինել կարևոր քաղաքական կապիտալ: Իհարկե ասել, թե հրավերի հանգամանքը և Թուրքիայի և Ադրբեջանի հրավերի բացակայությունը բախտորոշ գործոն է ամերիկյան քաղաքականությունը գնահատելու տեսանկյունից, կլինի միամտություն: Սակայն անկասկած է, որ դա գործոն է, որով ընդգծվում է Հայաստանի որոշակի առավելություն, ձևավորելով թերևս այդ առավելությունը քաղաքական հարթության վրա հնարավորինս նշանակալի կապիտալիզացիայի ենթարկելու հեռանկար:
Հայ դատի հանձնախումբը արձանագրելով ԱՄՆ հրավերի հանգամանքը նշել է, որ դա փաստորեն նախագահ Բայդենի վարչակազմի կոշտ կշտամբանքն է Թուրքիայի և Ադրեջանի իշխանությունների բռնապետական հակումների կապակցությամբ: Անշուշտ այդպես է, սակայն Հայաստանը տվյալ պարագայում պետք է իր հնարավորությունը տեսնի ոչ թե Թուրքիային ու Ադրբեջանին կշտամբանքի, այլ իր հանդեպ ժողովրդավարական գնահատականի հիմքով, ըստ այդմ հեռանկարը դիտարկի այդ գնահատականի բովանդակային հենքը զարգացնելու տրամաբանության մեջ: Այդ իմաստով շատ կարևոր է, որպեսզի Երևանը ապահովի համաժողովին շատ բարձր մակարդակի մասնակցություն, ներկայանալով պետության առաջին դեմքի մակարդակով:
Միաժամանակ, պետք է առաջնորդվել ոչ միայն օլիմպիական սկզբունքով՝ կարևորը մասնակցությունն է, այլ պատրաստել որակապես նշանակալի ուղերձ, որը կշոշափի ոչ միայն հայկական պետականության անվտանգության ու զարգացման հարցերը՝ ներառյալ արցախյան հարցը, այդ լայն գործում ժողովրդավարության գործոնի առավելագույն շեշտադրումով, այլ նաև փորձել տեղավորել այդ հարցերը միջազգային անվտանգության լայն համատեքստում: Տեղավորել, իհարկե զերծ մնալով պատրանքային գերաագնահատումներից և տեղավորվելով առավելագույնս ռացիոնալ շեշտադրումների շրջանակում, այդպիսով փորձելով ստեղծել նաև հետագա տարաբնույթ երկխոսությունների նախադրյալ:








































