Համավարակի սահմանափակումներից դուրս գալուց հետո, էլեկտրաէներգիայի պահանջարկի աճի պատճառով, Չինաստանը փաստի առջև է կանգնել։ Երկրում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ են։ Պեկինի իշխանությունները, հակառակ համաշխարհային հանրության բնապահպանական նպատակների, երկրի ածխի արդյունահանման խոշոր ընկերություններին կարգադրել են մեծացնել վնասակար հանածոյի արտադրությունը էներգետիկ ճգնաժամից դուրս գալու համար, հաղորդում է BBC News- ը:
Սեպտեմբերի կեսերից երկրում պարբերական անջատումներ են մի քանի շրջաններում, միլիոնավոր բնակիչներ և ձեռնարկություններ տուժել են էլեկտրաէներգիայի անջատումներից: Մոտ 70 հանքավայր նախատեսում է արտադրական հզորությունը ավելացնել 100 մլն տոննայով:
Ըստ որոշ փորձագետների՝ վառելիքի գները հասել են ռեկորդային ցուցանիշի, իսկ էլեկտրաէներգիայի բացակայությունը ստիպել է էներգետիկ ընկերություններին սահմանափակել երկրում սպառումը: Շենյան և Դալյան քաղաքները, որտեղ ապրում է ավելի քան 13 միլիոն մարդ, ամենաշատն են տուժել հոսանքի անջատումներից:
2020 թվականի դեկտեմբերին Պեկինը խոստացել է 10 տարվա ընթացքում 65 տոկոսով նվազեցնել CO2 արտանետումները, ներառյալ արդյունաբերությունում: Չինաստանի իշխանությունները մտադիր են վերականգնվող էներգիայի աղբյուրների մասնաբաժինը հասցնել ընդհանուրի քառորդին:









































