Ռուսաստանը գրանցել է կորոնավիրուսի դեմ Sputnik Light պատվաստանյութը, որն ունի մեկ բաղադրիչ, հաղորդում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամի հաղորդագրությանը։
Sputnik Light դեղամիջոցն իրենից ներկայացնում է Sputnik V պատվաստանյութի առաջին բաղադրիչը։Մեկ բաղադրիչով Sputnik Light պատվաստանյութի արդյունավետությունը կազմել է 79,4%՝ պատվաստանյութը ստանալու 28-րդ օրվանից սկսած։
Շուրջ 80% արդյունավետության ցուցանիշը գերազանցում է երկու ներարկում պահանջող բազմաթիվ պատվաստանյութերի արդյունավետության ցուցանիշը։ Հաշվարկը կատարվել է այն ռուսաստանցիների տվյալների հիման վրա, որոնք զանգվածային պատվաստումների ծրագրի շրջանակներում 2020 թվականի դեկտեմբերի 5-ից մինչև 2021 թվականի ապրիլի 15-ը ստացել են միայն մեկ ներարկում, իսկ երկրորդը չեն ստացել որևէ պատճառով։
Պատվաստված քաղաքացիների շրջանում հիվանդացությունը, սկսած իմունիզացիայի 28-րդ օրվանից, կազմել է 0,277%:
Գործակալությունը հաղորդում է, որ, ըստ լաբորատոր հետազոտությունների արդյունքների, Sputnik Light-ն արդյունավետ է կորոնավիրուսի բոլոր շտամների դեմ։
Ըստ Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամի ղեկավար Կիրիլի Դմիտրիևի՝ Sputnik V երկբաղադրիչ պատվաստանյութը շարունակում է մնալ Ռուսաստանում պատվաստումների հիմնական գործիքը, իսկ մեկ բաղադրիչով Sputnik Light-ը կտրամադրվի օտարերկրյա գործընկերներին և կօգնի արագացնել պատվաստումների գործընթացը։ Դմիտրիևի խոսքերով՝ Sputnik Light պատվաստանյութի մեկ ներարկումը զգալիորեն նվազեցնում է հիվանդության ծանր դեպքերի առաջացման և հոսպիտալացման հավանականությունը։ Այն թույլ է տալիս կարճ ժամկետում ապահովել ավելի մեծ թվով մարդկանց պատվաստումը և ավելի արագ հասնել զանգվածային իմունիտետի։ Sputnik Light-ը հեշտ է պահել և տեղափոխել, այն արժե գրեթե 10 ԱՄՆ դոլար։