Երևանի Տիգրան Մեծ փողոցում տաղավարներ են կառուցվում։ Վերջին օրերին քաղաքացիներից ահազանգեր են ստացվում այն մասին, որ տաղավարների կառուցումն այդ վայրում անթույլատրելի է, քանի որ կառույցից քիչ հեռու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է։ Շինարարությունն ընթանում է մայթին հարակից տարածքում։
Երևանի քաղաքապետարանից Lragir.am-ը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են եկեղեցուն մոտ տարածքում թույլատրել տաղավարներ կառուցել։ Ի պատասխան՝ քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն ասաց, որ ըստ նախագծի՝ հուշանվերների վաճառք կազմակերպելու տաղավարներ են կառուցվում։ Տարածքում կան մայթի վրա առևտուր իրականացնող անձինք, և նախատեսվում է, որ նրանք կտեղափոխվեն ու իրենց առևտուրը կանեն այդ տաղավարներում։ Կառուցապատման իրավունքով տրամադրված հողամասի 10-30 տոկոսը կտրամադրվի փողոցի առևտրականներին՝ անհատույց օգտագործման իրավունքով։
Շինարարությունն իրականացնում է «Միրաժ 2020» ՍՊԸ-ն, որի ղեկավարը Հովհաննես Երանոսյանն է։ Կառուցապատման իրավունքի ժամկետը 5 տարի է, այսինքն՝ տարածքը 5 տարի վարձակալության իրավունքով է հատկացվել նշված ՍՊԸ-ին։ Կառուցապատման իրավունքի տարեկան մեկնարկային վճարը 585 հազար դրամ է սահմանված եղել, բայց, ըստ քաղաքապետարանի տեղեկատվության, կառուցապատողի կողմից վճարված տարեկան վճարը կազմել է 1 մլն 800 հազար դրամ։
Հակոբ Կարապետյանը տեղեկացրեց, որ կառուցապատող ընկերությունը զուգահեռ պարտավորվել է նաև 30 մլն դրամի ներդրում իրականացնել քաղաքի զարգացման համար։
Հողատարածքի մրցույթին մասնակցելու հայտին կից ներկայացված առաջարկությամբ կառուցապատողը պարտավորվում է 30 մլն դրամ ներդրում իրականացնել՝ ուղղված Երևանի զարգացմանը կամ Օղակաձև զբոսայգու բարեկարգմանը։








































