«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Արցախի Հանրապետության նախագահի գլխավոր խորհրդական-հատուկ հանձնարարություններով դեսպան Ռուդիկ Հյուսնունցը:
– Պարոն Հյուսնունց, նախօրեին հարցազրույց է տվել ՀՅԴ-ական պատգամավոր Դավիթ Իշխանյանը և հայտարարել, որ Արայիկ Հարությունյանը խախտել է պայմանավորվածությունը, ինքը պետք է կտրվեր ՀՀ իշխանություններից, Նիկոլ Փաշինյանից: Ի՞նչ է տեղի ունենում Արցախում, ի՞նչ կտրվելու մասին է խոսքը, արդյոք կա՞ բախում ՀՅԴ-ի և Արայիկ Հարությունյանի միջև:
– Դավիթ Իշխանյանն իմ ընկերն է, նա ղեկավարում է Դաշնակցությունն Արցախում, և ինքը կարող է միշտ իր օբյեկտիվ, թե սուբյեկտիվ տեսակետները ներկայացնել հանրությանը որպես քաղաքական ուժի ղեկավար: Նա նաև պարտավորված է, որպես պատգամավոր, իր տեսակետները ներկայացնելու: Դա իր և ՀՅԴ-ի մոտեցումներն են: Արայիկ Հարությունյանը Արցախի լեգիտիմ նախագահն է և ներկայացնում է ժողովրդի 88 տոկոսին: Որևէ քաղաքական ուժ Արցախի նախագահին չի կարող ուղղորդել, կարող է ներկայացնել իր տեսակետը, իր առաջարկությունները, բայց Արցախի նախագահն ինքն է որոշում երկրի քաղաքական կուրսը: Որևէ բախում, որևէ չկամություն չկա, մարդիկ ունեն իրենց տեսակետները, նախագահն էլ ունի իր քաղաքական ուղղվածությունը, իր տեսլականը, թե երկիրն այս վիճակից ինչպես պետք է հանի: Եթե իրենց տեսակետները չեն համընկնում այդ տեսլականին, դա արդեն իրենց խնդիրն է: Իմ կարծիքով՝ ոչ միայն Դաշնակցությունը, այլև բոլոր մնացած ուժերը՝ իշխանական, թե ընդդիմադիր, պետք է կանգնեն նախագահի կողքը, որպեսզի կարողանանք մեր երկիրն այս փլատակներից հանել վեր:
– Կարո՞ղ ենք արձանագրել, որ ՀՅԴ-ի հետ համագործակցել չի ստացվում:
– Դաշնակցությունն ինքը պետք է ներկայանա իր առաջարկներով, իր կարողություններով, թե այս իրավիճակում ինքն ինչ է պատրաստ անել Արցախի համար: Իսկ եթե իրենք պետք է նախագահի առջև պայմաններ դնեն, դա արդեն լուրջ քաղաքական գործընթաց չէ:
– Դավիթ Իշխանյանը հայտարարել է, որ Արայիկ Հարությունյանը պետք է ցույց տա, որ Արցախն ունի սույեկտայնություն, որ ինքը, լինելով գործող նախագահ, պետք է կտրված լինի ՀՀ իշխանություններից, մասնավորապես Փաշինյանից, մինչդեռ շարունակում է Փաշինյանի կառավարությունից ուղղորդված քաղաքականություն իրականացնել Արցախում:
– Դավիթ Իշխանյանն իր տեսակետն ունի, ես որպես Արցախի նախագահի գլխավոր խորհրդական՝ իմ տեսակետը կարող եմ ասել. ես չեմ ուզում անձնավորել, բայց Հայաստանը և Արցախը իրարից բաժանողները, կարծում եմ, ճիշտ ճանապարհ չեն բռնել:
– Հայաստանում արտահերթ ընտրություններ անցկացնելու օրակարգով խորհրդակցություններ են սկսվել: Հնարավո՞ր է, որ Արցախում ևս արտահերթ գործընթացներ լինեն:
– Մենք այսօր այնպիսի մի շրջափուլի մեջ ենք, որ ընտրությունների հարցը օրակարգում չկա, մանավանդ Արցախում, որովհետև մենք այսօր մտնում ենք բանակցությունների մի նոր փուլ և չգիտենք Արցախի կարգավիճակի հարցը ինչ ֆորմատում ենք տանելու առաջ, ինչ ձևաչափ է ընտրվելու, մնալու է նո՞ւյնը, թե՞ փոխվելու է: Բնականաբար, մենք անկախության մեր սկզբունքներից չենք հրաժարվել, ինքնորոշման իրավունքի հարցը մեր օրակարգում է, բայց երբ բանակցությունները սկսվեն, արդեն մենք այս նոր իրողությունների պայմաններում մեր նոր պատկերացումները դնելու ենք թղթի վրա:
Այնպես որ, արտահերթ ընտրություններ անցկացնելու որևէ տրամադրություն կամ անհրաժեշտություն չկա Արցախում: Եթե այս կամ այն խումբը, ինչ-որ կուսակցություն ինչ-որ ցանկություններ ունի, դա քաղաքական կատեգորիա չէ:
– Այդ պատկերացումները կտարբերվե՞ն ՀՀ իշխանությունների պատկերացումներից, թե՞ այդտեղ կոնսենսուս կա:
– Հայաստանի իշխանությունները պետք է նպաստեն մեր տեսլականի իրականացմանը Արցախի անկախության, ինքնորոշման իրավունքի վերահաստատման իմաստով: Այլ տարբերակ չի կարող լինել:
– Ինչպե՞ս եք գնահատում, որ Մեդվեդևը հայտարարել է, որ Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցը պետք է քննարկել նաև Թուրքիայի հետ, որ Մոսկվան ու Անկարան արդյունավետ երկխոսության մեջ են:
– Մոսկվան կարող է իր տեսակետը հայտնել, իսկ մեր տեսակետը հետևյալն է. այս պատերազմը ցույց տվեց, որ 100 տարի ցեղասպանությունը շարունակող Թուրքիայի ներքին ու արտաքին քաղաքականության մեջ որևէ կուրս չի փոխվել: Մենք կտրականապես դեմ ենք Թուրքիայի որևէ մասնակցության: Այլ հարց է, թե միջազգային խաղացողներն ինչ առաջարկներ են մեջտեղ բերում:
– Բացառո՞ւմ եք, որ Արցախում ներքաղաքական լարվածությունը մեծանա՝ հաշվի առնելով, որ ՀՅԴ-ի հետ չի ստացվում որևէ երկխոսություն:
– Մենք Դաշնակցությունից չենք խռովել, եթե իրենք մեզնից խռովել են, թող գան հաշտվեն:
– Աշոտ Ղուլյանն էլ էր հարցազրույց տվել և զարմանք էր հայտնել այն փութաջանության ու արագության համար, որով հայկական կողմը փորձում է Ադրբեջանի հետ հարաբերություններ կարգավորել: Դուք այդպիսի փութաջանություն ու արագություն հայկական կողմից նկատո՞ւմ եք:
– Ես վերջին անգամ չեմ հիշում, թե երբ եմ տեսել Աշոտ Ղուլյանին, և իր ասածները չեմ ցանկանում մեկնաբանել:








































