Ես վստահ եմ, որ առջևում են վառ ապագայի հեռանկարներն ու հնարավորությունները, Հայաստանի ժողովրդին հղած տարեվերջյան ուղերձում ասել էր Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին: Առայժմ իհարկե հայ ժողովուրդը ապրում է ռազմական պարտության, մարդկային կորուստների և տարածքային կորստյան վիշտն ու ցավը, ողբերգությունը, ևանհաղորդ է հեռանկարների մասին խոսակցությանը: Սա պետք է արձանագրել: Ըստ այդմ, ինքնին այդ խոսակցությանը ժողովրդին հաղորդակից դարձնելն արդեն իսկ խնդիր է, առավել ևս միջավայրում, որտեղ ներքաղաքական իշխանական պայքարը անցնում է լիովին հակառակի տրամաբանությամբ՝ հանրությանը որքան հնարավոր է անհույս և վտանգավոր ապագայի սպասումով վարակում, ակնկալիքով, որ դա լավագույնս կկապիտալիզացվի իշխանության դեմ պայքարում:
Միևնույն ժամանակ հարկ է նկատել, որ առկա գործընթացներն ու միջավայրը նպաստում են այդ քարոզչական տրամաբանության տարածմանն ու ադապտացմանը, որովհետև հանրությունը տեսնում է բավականին վտանգավոր և տարակուսելի զարգացումներ Սյունիքի սահմաններում և առնվազն տեղեկատվական մակարդակում ոչ բավարար աշխատանք հանրության հետ: Ավելին, աշխատանքը անբավարար է ոչ միայն տեղեկատվական իմաստով, այլ նաև ուղիղ ֆունկցիոնալ: Պետական սահմանազատման աշխատանքում առաջնագծում են ոչ թե պետական կառույցները, այլ համայնքային ֆունկցիոներները: Դա առնվազն տարօրինակ է, կարծես որոշվում են ոչ թե պետության սահմանները, կամ խոսքը ոչ թե պետության սահմանների շուրջ տեղի ունեցող գործընթացի մասին է, այլ ընդամենը այս կամ այն համայնքի: Այլ կերպ ասած, խնդիրը ներկայումս ոչ թե պետության այս կամ այն հեռանկարի առկայության, դրա հանդեպ վստահության կամ անվստահության, այլ ընդհանրապես՝ պետության առկայության հարցադրումն է:
Պետություն կա՞, թե՞ ոչ: Այն, ինչ տեղի է ունենում Սյունիքում, իրավամբ առաջացնում է այդ հարցը: Եվ քանի որ կա այդ վտանգավոր և տարօինակ վիճակը, բնական է, որ տագնապի ու խուճապի տեղեկատվական գեներացիայի վրա կառուցվող ներքաղաքական պայքարի մեթոդաբանությունը գտնելու է իր ոտնատեղերը առկա միջավայրում: Այս դեպքում, որքան էլ ընդհանուր համատեքստում անընդունելի և անցանկալի, այդուհանդերձ դա հետևանք է, ոչ թե պատճառ: Բնական է, որ առկա իրադրությունում հեռանկարի, հնարավորության, ապագայի մասին խոսակցությունները չեն կարող հանրային աչքում ունենալ այլ գույն, քան սևը կամ լավագույն դեպքում՝ գորշը: Այլ հարց է, որ կողքից հայացքը կարող է տեսնել այն, ինչ չի երևում ներսից, հատկապես ողբերգության և ռազմա-քաղաքական պարտության, անկման ֆոնին: ԱՄՆ դեսպանի տարեվերջյան ուղերձում գնահատականը գուցե հայացք է կողքից: Ամբողջ հարցն այն է, որ Հայաստանի խնդիրները մշտապես եղել են ներսում, և միայն դրա հետևանքով է, որ այն, ինչ տեղի է ունեցել և ունենում շուրջը, Հայաստանի վրա թողնում է հետևանքներ՝ տարբեր ծանրության: Ըստ այդմ, ինչպես տեսնել Հայաստանի ու Արցախի ապագան ներսից: Այդ հարցի պատասխանը գտնելու կարողությունից է կախված ապագայի գույները փոխելու հեռանկարը:








































