Ադրբեջանը, սկսելով պատերազմը, նպատակ ուներ առնվազն գրավել Արցախի Հանրապետության տարածքը և առիթի դեպքում նաև առաջանալ ՀՀ իրավական սահմանի ուղղությամբ: Այն, որ գործողություններին մասնակցել են Ադրբեջանի 4 լավագույն բանակային կորպուսները, ինչպես նաև մարտերի ընթացքը և կիրառված միջոցները նույնպես այդ մասին են վկայում: Տեղի են ունեցել մարտեր, բայց ծայրահեղ բացասական բան չկա, թշնամին հարվածել է ողջ ուժով, բայց մենք դիմանում ենք, ապագան անհայտ է, բայց ես լավատես եմ ապագայի առումով: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը:
Նրա խոսքով՝ թշնամու բանակն արդեն խնդիրներ ունի. «Պատմական փորձը ցույց է տալիս, որ բլից-կրիգի պատրաստված բանակը երբ որ խրվում է երկարատև մարտերի մեջ, լուրջ խնդիրներ է ունենում… Թշնամու բանակում առաջանում են հարցեր, որոնց պատասխանը պահանջելու են Ալիևից, հարցը վերաբերում է իրենց կորուստներին, իմ գնահատմամբ՝ հակառակորդի սպանվածների և ծանր վիրավորվածների թիվը հասնում է մոտ 10 հազարի»:
«Հակառակորդն ամեն կերպ փորձում է ահաբեկել, բայց արցախցին չի ահաբեկվում: Ինչ վերաբերում է Ալիևի ծրագրերին, ապա դրանք մեծապես տապալված են, և իրենք անցնում են պլան Բ-ին: Մեզ պետք է ամրություն, որ դիմանանք: Եթե մենք մեր ձեռքից եկածն անենք, Աստված և միջազգային ուժերը մեզ կօգնեն: Իսկ մեր ձեռքի եկածն անում են ճակատում մարտնչող մեր առյուծ տղաներն ու աղջիկները: Մենք՝ թիկունքում գտնվողներս էլ պետք է տեղեկատվական ոլորտում նրանց անվտանգությունը վտանգի տակ չդնենք, թողնենք, որ իրենց գործն անեն:
Այս պատերազմում մենք հաղթելու ենք, այլընտրանք չունենք, ես անգամ մազաչափ կասկած չունեմ, որ հաղթելու ենք, որովհետև տեսականորեն էլ հնարավոր չէ, որ պարտվենք. Ադրբեջանը չի կարող այսպես երկար շարունակել, գրավել Արցախի տարածքը և վտանգի տակ դնել ՀՀ տարածքը, սա ռազմական հաշվարկ է: Բացի դրանից՝ ես տեսել եմ առաջնագծի ոգևորությունը, հավատացեք՝ հայ զինվորին հաղթել հնարավոր չէ»,- ասաց փորձագետը:
Մանրամասն՝ տեսանյութում:









































