Տարիներ շարունակ տարբեր վաշխառուների, օլիգարխների ու գործարարների խարդախ գործունեությունից տուժած քաղաքացիները հեղափոխությունից երկու տարի անց էլ կարծում են, որ արդարադատությունը կարող է վերականգնվել բացառապես այն դեպքում, եթե դատական համակարգում փոփոխություններ լինեն, հօգուտ այդ խարդախների որոշումներ կայացրած դատավորները հեռացվեն համակարգից, ու այդ գործերը վերաբացվեն։
Տարիներ շարունակ կառավարության դիմաց բողոքի ակցիաներ իրականացրած «Նորաշեն 2007» կոոպերատիվի կառուցած Նորաշեն 37 հասցեում գտնվող շենքի բնակիչներից Արուս Վանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ արտակարգ դրությամբ պայմանավորված՝ իրենք այս շրջանում բողոքի ակցիաներ չեն կազմակերպում, բայց իրենք աշխատում են դատական պրոցեսը վերաբացել նոր երևան եկած հանգամանքի հիմքով և հիմա աշխատում են այդ ուղղությամբ:
«Մեր գործը վաշխառուները՝ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ, վաղուց փակել էին իրենց օգտին։ Մենք տարիներ շարունակ բողոքում էինք, և մեզ ասում էին, որ մեր գործը փակված է, և իրենք իրավասու չեն փակված գործին ձեռք տալ։ Բայց հիմա հուսով ենք, որ դատական համակարգում սպասվող փոփոխությունների արդյունքում, դատավորների փոփոխության արդյունքում գուցե ինչ-որ բան փոխվի մեզ համար»,- ասաց տիկին Վանյանը՝ հավելելով. «Ցավոք, լսում ենք, որ այդ վեթինգ ասվածը միանգամից չի լինելու, աստիճանական է լինելու, բայց մինչև դատական համակարգում արմատական փոփոխություն չարվի, ոչ մի հարց չի լուծվի։ Տարիներ շարունակ՝ սկսած ՀՔԾ-ից մինչև դատարան, որոշում կայացնողները կաշառվել են և որոշում են կայացրել հօգուտ վաշխառուների, Հերմինե Նաղդալյանն ու մյուս վաշխառուները գործերը փակել են տվել հօգուտ իրենց։ Հիմա բացառվում է, որ առանց փոփոխության այդ փակված գործերը վերաբացվեն։ Բայց եթե արագ փոփոխություններ չլինեն, աստիճանական լինի փոփոխությունը, համարեք, որ ոչ մի բան չի փոխվի։ Ինչքան դանդաղ լինի ամեն ինչ, այնքան դանդաղ արդարությունը կվերականգնվի, ու այդքան դանդաղ կվերանայվեն նախկինում կայացված անարդար դատական վճիռները։ Չեք տեսնում՝ ինչ է կատարվում Քոչարյանի գործով։ Եթե այդ հին դատավորները մի քիչ շատ լինեին համակարգում, Քոչարյանը հիմա վաղուց ազատության մեջ էր»,- ասաց Արուս Վանյանը։
Բնակիչը նշեց, որ իրենց փաստաբանն այս պահին աշխատում է բողոքի հիման վրա, որը կներկայացվի դատախազություն՝ նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերաբացելու գործը։
Հիշեցնենք, որ Նորաշենի բնակիչները զոհ էին դարձել մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների՝ մասնավորապես ՀՀ ավիացիայի նախկին պետ Հովհաննես Երիցյանի, ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Հերմինե Նաղդալյանի ամուսնու՝ Դավիթ Բեգլարյանի, որն էլ իր հերթին ՀՀ ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյա էր, ՀՀ ՊՆ ՀՕՊ վարչության պետի նախկին տեղակալ Արթուր Պողոսյանի, Սարգիս Աղաբեկյանի և բարձրաստիճան տասնյակ այլ պաշտոնյաների։ Այս պաշտոնյաները տոկոսով գումար էին տվել շենքի կառուցապատողներին։ Հետագայում, չկարողանալով մարել տոկոսով վերցրած գումարները, պաշտոնյաները իրենցով էին արել գրավադրած կոոպերատիվի գույքը, այդ թվում՝ այն բնակարանները, որոնց համար քաղաքացիները արդեն գումար էին վճարել։
Նույն այս պատկերն է նաև Ամիրյան 4/4 հասցեի բնակիչների դեպքում։ Նրանք էլ զոհ էին դարձել մեկ այլ օլիգարխիկ խմբի՝ Հովիկ Աբրահամյանի, Գագիկ Ծառուկյանի և տրանսպորտի նախկին նախարար Անդրանիկ Մանուկյան խմբին։ Այս խմբի կողմից «քցված» քաղաքացիները 16 տարվա պայքարից հետո այլևս հույս չունեն, որ հնարավոր է արդարադատություն լինի ու իրենց բնակարանները ի վերջո դառնան իրենց սեփականությունը։ Այդ իսկ պատճառով նրանք որոշել են չնչին գնով վաճառել Ամիրյան 4/4 հասցեում գտնվող իրենց բնակարանների տարածքը և հրաժարվել հետագա պայքարից։
Բնակիչներից Վաչագան Թադևոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ 3-4 հոգի է մնացել, որ դեռ չի վաճառել բնակարանների տարածքները, սակայն հարմար գնորդ լինելու պարագայում իրենք էլ կվաճառեն: «Բնակիչների մեծ մասը մահացավ ու այդպես էլ չտեսավ արդարություն, արդարադատություն, մի մասը պարզապես թողեց ու հեռացավ երկրից, մնացածս էլ վաճառեցինք։ Անգամ հեղափոխությունից հետո հարուցված քրեական գործը ոչ մի օգուտ չտվեց, քննիչը մեզ տարավ-բերեց, հարցաքննեցին, բայց անօգուտ։ Հետևաբար մենք ոչ մի բանի հույս էլ չունենք, ու կոնկրետ ես որոշեցի վաճառել տարածքը կոպեկներով»,- ասաց Թադևոսյանը։
Հիշեցնենք, որ Աբրահամյանները «Նացիոնալ» հյուրանոցի տարածքը ժամանակին խլել էին ՀՀԿ-ական հանգուցյալ պատգամավոր Մելիք Գասպարյանից, ինչպես նաև տարածքից՝ Ամիրյան 4/4 հասցեից, դեռևս 2004 թվականին տեղահան էին արվել այդտեղի բնակիչները, և նրանց բնակարանների տեղում կառուցվել էր ներկայիս հյուրանոցը, որը սկզբում Հովիկ Աբրահամյանին չի պատկանել: Նա հյուրանոցին տիրացել է բավական ուշագրավ ճանապարհով: Հյուրանոցը սկզբում կառուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, հանգուցյալ Մելիք Գասպարյանը: Տարիներ անց՝ 2009 թվականի հոկտեմբերի 8-ին, տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո, երբ պատգամավորը Երևան-Չարենցավան ճանապարհին ավտովթարից զոհվեց, Աբրահամյանները պարզապես խլեցին շենքը Գասպարյանի ընտանիքից: Ընտանիքին մոտ կանգնած անձանցից մեկը մեզ պատմել էր, որ ժամանակին շենքի տերերը հայտնի եռյակն էր՝ Հովիկ Աբրահամյանը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը և տրանսպորտի ու կապի նախկին նախարար, Ուկրաինայում Հայաստանի նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանը: Այնուհետև Մանուկյանը իր մասնաբաժինը վաճառել էր նրանց, ապա դուրս էր եկել նաև Ծառուկյանը, և շենքն ամբողջությամբ մնացել էր հայր և որդի Աբրահամյաններին: Նրանք էլ նախ կառուցեցին հյուրանոցը, կահավորեցին, իսկ շենքի այն հատվածը, որտեղ պետք է կառուցվեին բնակիչների բնակարանները, առ այսօր կիսակառույց վիճակում է։ Չկա ոչ մի կոմունիկացիա՝ ոչ վերելակ, ոչ գազ, ոչ ջուր, ոչ կոյուղի։ Ոչինչ։ Կառուցված են միայն պատերն ու աստիճանները։
Բնակիչների խոսքերով՝ Աբրահամյանը, ձգձգելով շենքի նորոգումը, բնակարանների հանձնումը, փորձում էր հասնել նրան, որ բնակիչներն էժան գնով վաճառեն իրենց տարածքները և հեռանան, իսկ դրանք կվերածվեին օֆիսային տարածքների՝ քաղաքի ամենաբանուկ փողոցում: Բնակիչները, պարզվեց, 16 տարի անց այդպես էլ վարվեցին։ Նրանցից ոմանք ավելի վաղ էին վաճառել այդ տարածքները և հեռացել, իսկ մնացածն էլ՝ վերջերս։ Անգամ հեղափոխությունից հետո հարուցված քրեական գործերը և դատական պրոցեսները չօգնեցին նրանց։








































