ՍիվիլՆեթի նախկին լրագրող, ներկայում PARA TV կայքի լրագրող Արման Սուլեմանյանը պատրաստվում է կուսակցություն հիմնել։ Այս տեղեկությունը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հաստատեց հենց Սուլեմանյանը։ Նա ասաց, որ ներկայումս ակտիվ քննարկումների մեջ են, թիմ են հավաքում, քննարկում են կուսակցության հետ կապված այլ հարցեր։
Հարցին՝ արդեն հստակեցվե՞լ է, թե որ դաշտում են գործելու՝ ընդդիմադի՞ր են լինելու, թե՞ իշխանամետ, Սուլեմանյանը չպատասխանեց, ասաց, որ դեռ չեն շտապում, կսպասեն մինչև քաղաքական դաշտը հանդարտվի, նոր կհայտարարեն իրենց մտադրությունների մասին։
Իսկ ինչ վերաբերում է կուսակցության ֆինանսավորմանը, անվանմանը և այլ հարցերի, Սուլեմանյանը կրկին ասաց, որ չի շտապում մանրամասներ հաղորդել։ Քանի դեռ կուսակցությունը պաշտոնապես չի գրանցվել, գրանցման վկայական չունեն, մտադիր չեն մանրամասներ հաղորդել, հարցազրույցներ տալ։ «Հենց այդ թղթի կտորը լինի, արդեն ձեր բոլոր հարցերին կպատասխանեմ։ Ասեմ, որ նախկինում ես նախաձեռնել էի «Քաղաքացիական ակտիվ քայլ» (ՔԱՔ) նախաձեռնությունը, հիմա փորձելու եմ դրան ավելի լուրջ տեսք ու բովանդակություն տալ»,- ասաց Սուլեմանյանը։
Նա չմանրամասնեց նաև համախոհների շրջանակը, բայց նշեց, որ իրեն կմիանան որոշ ընկերներ նաև այն լրատվամիջոցից, որտեղ աշխատում է՝ PARA TV-ից։
Հիշեցնենք, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ դերասան Սերգեյ Դանիելյանը ևս ներգրավված էր Սուլեմանյանի կողմից նշված «Քաղաքացիական ակտիվ քայլ» նախաձեռնության մեջ։ Դանիելյանը պատրաստվում էր մասնակցել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին, սակայն գրանցման համար նախատեսված ժամկետում Դանիելյանը չդիմեց ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց ռեգիստր կուսակցությունը գրանցելու համար, և այն մնաց վիրտուալ տիրույթում։








































