Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկը Ռուսաստանի տնտեսության համար 4-6 % անկում է կանխատեսել 2020 թ-ի համար: Ռուսաստանի ԿԲ-ն այս հաշվարկն արել է հիմքում ունենալով մեկ բարել Urals նավթի համար 27 դոլար գինը:
Նկատենք, որ ՌԴ ԿԲ-ի այս կանխատեսումը Ռուսաստանի տնտեսության զարգացման դինամիկայի վերաբերյալ առաջին պաշտոնական կանխատեսումն է 2020 թ-ի համար:
Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանի համոզմամբ՝ այսպիսի կանխատեսման իրականացման պարագայում Հայաստանի տնտեսությունը ևս շատ լուրջ խնդիրների առաջ է կանգնելու և այն բոլոր վայրիվերումները, որոնք տեղի կունենան ռուսական տնտեսությունում՝ թե՛ ուղղակիորեն, թե՛ անուղղակիորեն կանդրադառնան նաև հայաստանյան տնտեսության վրա՝ հաշվի առնելով Հայաստան-Ռուսաստան առևտրատնտեսական սերտ կապերն ու Հայաստանի ԵԱՏՄ անդամ պետություն լինելու հանգամանքը: Տնտեսագետի խոսքերով՝ այսպիսի հավանական սցենարի դեպքում՝ բացի Ռուսաստանից Հայաստան եկող մասնավոր տրանսֆերտների ծավալի անկման խնդրից, կառաջանան նաև բազում այլ պրոբլեմներ.
«Մենք գիտենք, որ Ռուսաստանը մեր առևտրատնտեսական հիմնական գործընկերն է, մեր արտահանման գերակշիռ մասն ուղղվում է դեպի ռուսական շուկա, այնտեղից էլ զգալի ծավալով ներմուծումներ ենք իրականացնում, Հայաստանում ռուսական տարբեր ընկերություններ են գործունեություն իրականացնում և այս ամենը, բնականաբար, չի կարող չազդել մեր տնտեսական վիճակի վրա և բացասական հեռանկարներ չուրվագծել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց տնտեսագետն ու այս համատեքստում հավելեց նաև.
«Միայն այն հանգամանքը, որ Ռուսաստանի տնտեսությունն անկում է ապրելու և այդ անկումն առաջին հերթին ազդելու է շինարարության ոլորտի վրա՝ դա միանշանակ է, իսկ մենք գիտենք, որ Հայաստանից Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցների ճնշող մեծամասնությունն այնտեղ շինարարական աշխատանքների մեջ է ներգրավված, հետևաբար այս մասով կոնկրետ խնդիր ենք ունենալու, որովհետև այդ մարդիկ այլևս չեն կարողանալու այնտեղ աշխատել, Հայաստան մասնավոր տրանսֆերտներ ուղարկել, ինչը իր հերթին նշանակում է, որ առաջին՝ Հայաստանում ունենալու ենք գործազուրկների ավելի մեծ քանակ, և երկրորդ՝ մասնավոր տրանսֆերտների ծավալի զգալի նվազում:
Հաջորդ խնդիրը՝ արտահանման ոլորտն է. մենք ռուսական շուկա գյուղատնտեսական արտադրանք ենք արտահանում, ինչպես նաև պահածոյացված բազմաթիվ ապրանքներ ենք մատակարարում և այլն, ուստի ռուսական տնտեսության անկումը հանգեցնելու է նաև նրան, որ Ռուսաստանի բնակչության եկամուտներն են նվազելու, որի արդյունքում նաև այդ ապրանքատեսակների սպառման պահանջարկն է ընկնելու և հնարավորություն չենք ունենալու այնպիսի ծավալներով արտահանում կազմակերպել, ինչպիսին էր մինչ այս ճգնաժամը: Սա էլ իր հերթին նշանակում է, որ այս ոլորտի հայաստանյան ընկերություններն այլևս առաջվա հզորությունների մասշտաբով չեն կարողանալու աշխատել և արտադրանքի ծավալն են կրճատելու, այսինքն՝ շղթայաբար հավելյալ խնդիրներ են ի հայտ գալու»:
Հարցին՝ ի՞նչ ժամկետներում հնարավոր կլինի վերականգնել այս ամենը և վերականգնումն արդյո՞ք կլինի մինչ համաճարակային փուլի մասշտաբներով, թե՞ ոչ, Կառլեն Խաչատրյանը պատասխանեց.
«Ռուսաստանի տնտեսությունը շատ զգայուն է նավթի համաշխարհային գների նկատմամբ, իսկ քանի դեռ նավթի գինը անկում է ապրել և առաջիկայում էլ շարունակելու է շատ ցածր մակարդակի վրա պահպանվել՝ խոսել Ռուսաստանի տնտեսության վերականգնման մասին՝ հնարավոր չէ. Ռուսաստանի տնտեսությունը մեծ հաշվով կսկսի վերականգնվել միայն այն ժամանակ, երբ նավթի համաշխարհային գները, փաստացի, կրկին կբարձրանան և կհասնեն նախկին մակարդակին:
Հայտնի իրողություն է, որ, երբ երկրները ինչ-որ չափով կորցնում են որոշակի շուկաներ կամ դուրս են մղվում այդ շուկաներից, ապա հետո նորից նույն շուկաներ մուտք գործելը և այնտեղ «հարմար դիրքավորվելը»՝ գործնականում շատ դժվար է լինում:
Այնպես որ, կարծում եմ, որ չեն կարող մեր արտահանման ծավալները Ռուսաստանի տնտեսության վերականգնմանը զուգընթաց նույն արագությամբ և նույն ինտենսիվությամբ մեծանալ, այսինքն, որպեսզի մեր արտաքին առևտրաշրջանառությունը Ռուսաստանի հետ հասնի նախաճգնաժամային նույն մակարդակի վրա՝ դեռևս երկար ժամանակ է պահանջվելու և ներկա դրությամբ՝ այս առումով կոնկրետ գնահատականներ հնչեցնել չենք կարող»:








































