ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Քանի որ սերտորեն ներգրավված եմ այս հույժ կարևոր խնդրի օրենսդրական կարգավորման աշխատանքներում որոշեցի անդրադառնալ։
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի վերջին մամուլի ասուլիսը, նաև զանգվածային լրատվության միջոցների ոչ պատասխանատու աշխատանքի պատճառով, տարընթերցումների տեղիք տվեց՝ տեղափոխվելով ընդհուպ միջպետական հարաբերությունների պարզաբանման հարթություն: Իրականում Տիգրան Հակոբյանը, խոսելով երկրում տեղեկատվական և լեզվական անվտանգության խնդիրների մասին, անդրադարձել էր Հայաստանի ազգային մուլտիպլեքսում հեռարձակվող օտարերկրյա հեռուստաընկերությունների հարցին՝ նկատի ունենալով ինչպես ռուսական, այնպես էլ, օրինակ, ամերիկյան հեռուստաընկերություններին:
Նրա հայտարարությունները մամուլի կողմից ներկայացվեցին հիմնականում համատեքստից դուրս՝ թողնելով տպավորություն, թե իբրև Տիգրան Հակոբյանը հայտարարել է, որ Հայաստանում պետք է դադարեցվի հակավրացական և հակաուկրաինական ուղղվածություն ունեցող ռուսական հեռուստաընկերությունների հեռարձակումը:
Սա առիթ դարձավ, որպեսզի Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հանդես գա հայտարարությամբ՝ Տիգրան Հակոբյանին մեղադրելով հակառուսականության մեջ: Ռուսաստանի դեսպանատունը, իր գործունեության ոճին հավատարիմ, հերթական անգամ իրեն թույլ տվեց խառնվել Հայաստանի ներքին կյանքին՝ գնահատականներ հնչեցնելով մի հարցի առնչությամբ, որը գտնվում է մեր երկրի ինքնիշխանության ու իրավասության տիրույթում: Ռուսաստանի դեսպանատան արձագանքը, ինչպես միշտ, միակողմանի էր, մանիպուլյատիվ ու դուրս էր դիվանագիտական ու քաղաքական էթիկետից: Խնդիրն իրականում շատ ավելի խորքային է, և Ռուսաստանը կամ Ռուսաստանի դեսպանատունը չէ, որ մեզ պետք է ուղղորդի ինչպես լուծել այն: Տիգրան Հակոբյանը միանգամայն իրավացիորեն այդ հարցին անդրադարձել էր երկրի տեղեկատվական ու լեզվային անվտանգության համատեքստում: Եվ այդ համատեքստում, այո, վտանգ են ներկայացնում ինչպես հակավրացական ու հակաուկրաինական քաղաքականությամբ աչքի ընկնող ռուսական հեռուստաընկերությունները, այնպես էլ, օրինակ, հակաիրանական քարոզչություն իրականացնող ամերիկյան CNN-ը:
Այսինքն՝ խնդիրը համակողմանի է և ունի ոչ թե արտաքին քաղաքական ուղղվածություն, ինչպես փորձ է արվում ներկայացնել նույն Ռուսաստանի դեսպանատան հայտարարության մեջ, այլ առնչվում է Հայաստանի տեղեկատվական անվտանգությանը:
Եվ այդ խնդիրը պետք է լուծվի միայն ինստիտուցիոնալ ու օրենսդրական կարգավորումների ճանապարհով:
Ներկայումս Ազգային ժողովում իմ համահեղինակությամբ շրջանառվում է ազգային մուլտիպլեքսի կանոնակարգմանն ուղղված օրենսդրական նախաձեռնություն, որն ուղղված է նաև վերոնշյալ խնդիրների լուծմանը: Մենք ունենք տեղեկատվական անվտանգության խնդիր և կլուծենք այդ խնդիրը մեր ազգային օրենսդրության շրջանակներում: Իսկ այլ երկրների դեսպանատները թող զբաղվեն իրենց երկրների խնդիրներով և իրենց թույլ չտան ներքաշվել մեր ինքնիշխանության տիրույթում գտնվող հարցերի մեջ:
https://www.facebook.com/armenpress/videos/vb.154089991350597/174511457146406/?type=2&theater








































