Շշուկներն այն մասին, թե հայտնի լատինաամերիկացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսը տառապում է քաղցկեղով, անհիմն են՝ հայտարարել է Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը, որը նաև գրողի ընկերն է: Այս մասին տեղեկացնում է Telam գործակալությունը:
Մարկեսը դուրս էր գրվել Մեքսիկայի մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկից ապրիլի 8-ին, որտեղ անցկացրել էր 8 օր:
Երեքշաբթի Մարկեսի ընտանիքը կոլումբական ԶԼՄ-ներով տեղեկացրեց, որ Մարկեսի վիճակը «կայուն» է, թեև տարիքի հետ կապված՝ «կա բարդացման վտանգ»:
Միևնույն ժամանակ մեքսիկական պարբերականներից մեկը հայտնեց, թե Մարկեսը հիվանդ է քաղցկեղով:
«Այն, ինչ հրապարակեց մեքսիկական թերթը, հաղորդագրությունն այն մասին, թե Մարկեսը հիվանդ է քաղցկեղով, ճիշտ չէ»,- հայտարարել է Սանտոսը :
Նրա խոսքով՝ 87-ամյա գրողը հիվանդ է եղել թոքաբորբով, իսկ այդ հիվանդությունը բժիշկներին հաջողվել է պահել հսկողության տակ:








































