Ընդդիմություն դառնալու ՕԵԿ հավակնությունը միանշանակ չի ընդունվում գործող ընդդիմության կողմից:
«Յուրաքանչյուր քաղաքական ուժ եթե չի ուզում իշխանության մեջ լինել, ուզում է ընդդիմություն լինել, նա այդ իրավունքն ունի, բայց որքանով ընդդիմությունը կընդունի ՕԵԿ-ին որպես ընդդիմություն, դա այլ հարց է:
Առավել ևս ժողովուրդը, որի հիշողությունը այնքան էլ կարճ չէ»,- ընդդիմություն դառնալու ՕԵԿ հավակնության մասին «Առաջին լրատվականի» հետ զրույցում տեսակետ հայտնեց ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:
«Երբևիցե չեմ հավատա, որ ՕԵԿ-ը չի մտնում կոալիցիայի մեջ, որովհետև երկրի պրոբլեմները հասկանում է և հասկանում է, թե որտեղից են գալիս էդ պրոբլեմները: Կարծում եմ, ՕԵԿ-ը հավանաբար դժգոհություն ունի նախարարների վերանշանակումների առումով և այդ կերպ փորձում է ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին զգոնության կոչ անել, որ միակ քո գործընկերն էլ կհրաժարվի կոալիցիայից, եթե ՕԵԿ-ական նախարարների վերանշանակումների հարցը չկարգավորվի»,- կարծում է ՀԱԿ պատգամավորը:
Լյուդմիլա Սարգսյանը չի բացառում նաև, որ ընդդիմություն գնալու ՕԵԿ որոշումը պայմանավորված լինի Սերժ Սարգսյանի ցանկությամբ:
«Բայց կարծում եմ, որ ՕԵԿ-ին ոչ ժողովուրդը, ոչ ընդդիմադիր դաշտը չի կարող լիարժեք ընդդիմություն ընդունել»:
Ավելին՝ ՀԱԿ պատգամավորը համոզված է, որ հանրությունը չի մոռացել, որ 2008 թ-ին, երբ ՕԵԿ-ը նախագահական ընտրությունների ժամանակ ընդդիմություն ներկայանալով հավաքեց 300 հազար ձայն, որից հետո ամենալուրջ պահին որոշեց մտնել իշխանության մեջ:
«Ես համարում եմ, որ եթե ՕԵԿ-ը այդ պահին կոալիցիա չկազմեր իշխանության հետ, հավանաբար նաև մարտի 1 տեղի չէր ունենա ու ժողովուրդը էդ ամեն ինչը հիշում է: Ես կարծում եմ, որ իրական ընդդիմադիր դաշտը երբևիցե չի կարող ՕԵԿ-ին դիտարկել որպես ազնվ ընդդիմություն և երկրորդ անգամ հուսախափ լինել: Առավել ևս՝ ժողովուրդը շատ լավ հասկանում է, թե ՕԵԿ-ն իրենից ինչ է ներկայացնում»,-տեսակետ հայտնեց Սարգսյանը:








































