Կառավարության մարտի 13-ի նիստում ՊԵԿ-ի նախագահ Գագիկ Խաչատրյանը ներկայացրել է մի նախագիծ, որը նախատեսում է ՊԵԿ-ի տեղակալի նոր հաստիք, հաստիքի ավելացում, որը կզբաղվի Մաքսային միության հարցերով: Մաքսային միությունը, ինչպես երևում է, դեռևս իրականություն չդարձած արդեն շատ թանկ է նստում Հայաստանի վրա:
Բառացիորեն զուգահեռաբար հաստատվել է ՄՄ-ին անդամակցելու փաստաթղթերի թարգմանության համար 50 միլիոն դրամ հատկացնելու որոշումը: Եվ ահա հիմա էլ նոր հաստիք՝ ՊԵԿ-ի նախագահի տեղակալ: Երևի թե ՊԵԿ-ի նախագահի ներկայիս մի քանի տեղակալները իրենց բիզնեսներով են ավելի շատ զբաղված և Մաքսային միության հարցերով զբաղվելու ժամանակ չունեն, ինչի համար էլ հարկավոր է նոր հաստիք:
Ինչ է նշանակում նոր հաստիքը: Նոր հաստիքը նշանակում է նոր աշխատավարձ, ընդ որում` բարձր, որովհետև խոսքը ՊԵԿ-ի նախագահի տեղակալի պաշտոնի մասին է: Սակայն աշխատավարձը ամենափոքրն է, որ առկա է այստեղ, թեև տարեկան այն կազմում է բավական կլորիկ մի գումար, որով կարող էր լուծվել նույնիսկ ոչ թե մեկ, այլ մի քանի ընտանիքի սոցիալական խնդիր: Սակայն բուն խնդիրը այստեղ ավելի լայն է:
Մաքսային միության հարցերով զբաղվող ՊԵԿ-ի նախագահի տեղակալի հաստիքը ստանում է կարևոր քաղաքական նշանակություն, իսկ դա նշանակում է, որ ստեղծվում է Հայաստանի իշխանական կարկանդակի նոր ու կարևոր մի կտոր, որի համար պայքարը բավական թեժ է լինելու, որը բավական բարձր գին է ունենալու: Խոսքը մի ուղղության մասին է, որն ունենալու է և՛ տնտեսական, և՛ քաղաքական կարևոր նշանակություն, այսինքն` այդ պաշտոնը կդառնա և տնտեսական, և քաղաքական առումով Հայաստանում ազդեցության յուղոտ պատառներից մեկը: Այսինքն` ըստ էության տեղի է ունենում իշխանական կարկանդակի ընդլայնում:
Սովորաբար նման քայլեր կատարվում են այն դեպքում, երբ իշխանական համակարգը գտնվում է ճգնաժամի մեջ, և եղած ռեսուրսները ամենևին չեն բավականացնում «բաժանիր, որ տիրես» սկզբունքի կիրառմանը: Այսինքն` երբ բերանները, որ պետք է կշտացնել՝ շատ են լինում, իսկ ուտելիքը՝ քիչ: Ահա և ավելացնում են ուտելիքը, և բնականաբար` պետական ռեսուրսների հաշվին: Օրինակ` 2008 թվականի բավական նեղ վիճակում ուտելիքն ավելացնելու համար ամբողջ երկու նախարարություն հիմնվեցին՝ սփյուռքի և արտակարգ իրավիճակների նախարարությունները:
Այս տեսանկյունից երևի նույնիսկ պետք է գոհունակություն հայտնել, որ պետության, այսինքն` հասարակության գումարների հաշվին ավելացնում են ընդամենը ՊԵԿ-ի նախագահի տեղակալի մի հաստիք, և ոչ թե Մաքսային միության հարցերով զբաղվող մի ամբողջ նախարարություն: Թեև չի բացառվում, որ դա ապագայի խնդիր է, և երբ իշխանությունը պահպանելու համար ուտելիքը կրկին քչություն անի, ապա պետության հաշվին կստեղծվի նաև այդ նոր նախարարությունը, իշխանական կարկանդակը մեծացնելու, կերակրատաշտի, այսպես ասած, դիապազոնը ընդլայնելու և դրա շուրջ հնարավորինս շատ մարդիկ կամ ուժեր տեղավորելու համար: Այնպես որ, սա դեռ միգուցե սկիզբն է և շարունակությունը կլինի հաջորդիվ:









































