Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Եվրոպայում ծայրահեղ աջ հայացքների կողմնակիցների խորհրդանիշ է անվանել, գրում է Sky News-ը:
«Մենք հնարավորություն ունեցանք նրան ասելու. «Դուք պետք է հասկանաք, որ ծայրահեղ աջ շարժման խորհրդանիշ եք դարձել Հունգարիայից մինչև Իտալիա և Ֆրանսիայից մինչև Մեծ Բրիտանիա»: Թերեզա Մեյն այնքան թույլ է որպես վարչապետ, իսկ կառավարությունն այնքան է վախենում, որ ոչ ոք չի համարձակվի բացել բերանը, և դա սխալ է»,- ընդգծել է Խանը:
Նրա խոսքերով, հունիսի 3-ին պետական այցով Միացյալ Թագավորություն ժամանած Թրամփին պետք չէր այդպես գրկաբաց ընդունել: Խանը նշել է, որ պետք է հրավիրվեն միայն այն քաղաքական գործիչները, որոնք ինչ որ դրական բան են անում:
Խանը, Observer պարբերականում հունիսի 1-ին հրապարակված իր հոդվածում Թրամփին դրել է եվրոպական աջ թևի քաղաքական գործիչների հետ նույն շարքում, որոնք դիմում են հռետորաբանությանը, որն, ըստ Լոնդոնի քաղաքապետի, բնորոշ էր ֆաշիստներին՝ 20-րդ դարի առաջին կեսին:
Ի պատասխան, Թրամփը Խանին անհաջողակ է անվանել և խորհուրդ տվել կենտրոնանալ Լոնդոնում հանցավորության դեմ պայքարի վրա և ոչ թե ԱՄՆ նախագահի:








































