Հեղափոխությունից հետո այս մեկ տարին սովորելու տարի էր, բոլորս սովորեցինք: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Օրրան» բարեգործական կենտրոնի տնօրեն Արմինե Հովհաննիսյանը:
«Առաջինը սովորեցինք, թե ինչ ուժ ունի ժողովուրդը, որի մասին չգիտեինք 1988-ից սկսած: Սովորեցինք, որ երբ կարևոր պահ է գալիս, ոնց է կարողանում ժողովուրդը համախմբվել, և որքան խաղաղասեր ժողովուրդ ենք, թեև մեզ պիտակավորել են որպես աշխարհի ամենաջղային ժողովուրդներից մեկը: Վերջին մեկ տարին ցույց տվեց, որ ամենևին այդպես չէ»,-ասաց նա:
Արմինե Հովհաննիսյանը բնական է համարում այն, ինչ կատարվում է հիմա Հայաստանում. «Հեղափոխությունից հետո միշտ էլ մարդիկ ունենում են սպասումներ: Մենք սիրում ենք փնտրել հերոսներ, թագավորներ, աստվածային ուժ ունեցող մարդիկ, մինչդեռ այդպիսիք չեն լինում: Լինում են մարդիկ, որոնք ունենում են առաջնորդելու, ղեկավարելու ունակություն, խիզախ են լինում: Երբ այդ մարդիկ ի հայտ են գալիս, մենք շատ մեծ սպասումներ ենք ունենում նրանցից: Բնական է, որ այս մեկ տարում հեղափոխությունը չէր կարող տալ այն սպասումները, որն ունի ժողովուրդը»:
Նա ընդգծեց, որ երկրում դեռ կա աղքատություն, կա կոռուպցիա,. «Բայց փորձո՞ւմ ենք մի բան անել. Կարծում եմ՝ այո, փորձում ենք ավելի արդար, ավելի լավ Հայաստան ունենալ: Ունենք երիտասարդներ, որ մի քիչ անփորձ են, մի քիչ մեծամիտ են, բայց աշխատասեր են և ես կարծում եմ՝ լավ ցանկություններով են եկել»:








































