Russia Today ռուսական պետական հեռուստաալիքի հաղորդավարուհի, ամերիկուհի Լիզ Ուոլն ուղիղ եթերում հայտնել է հեռուստաալիքը լքելու մասին՝ պատճառաբանելով ռուսական ներխուժումն Ուկրաինա: Այս մասին հայտնում է BBC-ն:
Վաշինգտոնում RT-ի թղթակիցը հայտարարել է, որ այլևս չի կարող լինել ընկերության մաս, որը ֆինանսավորվում է ռուսական կառավարության կողմից և արդարացնում Պուտինի գործողությունները:
Ուոլը պատմել է, որ որպես RT-ի թղթակից ինքը բախվել է բազմաթիվ էթիկական խնդիրների նաև այն պատճառով, որ իր ծնողներն ԱՄՆ են մեկնել Հունգարիայից՝ վախենալով խորհրդային զորքերի ներխուժումից:
«Հպարտ եմ, որ ամերիկուհի եմ, և հավատում եմ ճշմարտության տարածմանը: Հենց այդ պատճառով այս թողարկումից հետո ես կհեռանամ»,- ասել է լրագրողուհին:
Այս շաբաթ ավելի վաղ RT-ի մեկ այլ հաղորդավարուհի՝ ամերիկուհի Էբի Մարտինը դատապարտել էր ռուսական զորքերի մուտքը Ղրիմ՝ այն անվանելով ռազմական օկուպացիա: Հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն այդ ժամանակ լրագրողուհուն անվանել էր ամերիկյան քարոզչության զոհ:








































