Կառավարության վաղվա նիստում հավանություն կտրվի «Սարքավորումների տրամադրում Հայաստանի Հանրապետության և Վրաստանի սահմանին գտնվող «Բագրատաշեն» և «Սադախլո» պետական սահմանի անցման կետերին (ՊՍԱԿ) և դրանց կարողությունների զարգացում» ծրագրին:
«Ծրագրի ընդհանուր նպատակն է հայ-վրացական պետական սահմանի “Բագրատաշեն” և “Սադախլո” անցման կետերում ներդնել սահմանների համալիր կառավարման եվրոպական չափանիշներ: Ծրագրի հատուկ նպատակներն են i) նպաստել միջազգային առևտրի և տարանցիկ փոխադրումների զարգացմանը՝ միաժամանակ ապահովելով սահմանների անվտանգությունը, ii) ամրապնդել միջգերատեսչական և միջսահմանային համագործակցությունը և iii) ապահովել պետական սահմանի կառավարման մարմինների աշխատանքների թափանցիկության առավել բարձր մակարդակ: Ակնկալվում է, որ ծրագրի ավարտին ապահովված կլինեն հետևյալ արդյունքները՝ i) ՍՀԿ ռազմավարությունը և օրենսդրական դաշտը ՀՀ-ում և Վրաստանում կհամապատասխանեցվեն ԵՄ ՍՀԿ սկզբունքներին՝ այդ երկրների սահմանի կառավարման ոլորտի պետական մարմինների մասնակցությամբ: Պետական մարմինների և դոնոր կազմակերպությունների ջանքերով կմշակվեն և կյանքի կկոչվեն գործառնական մակարդակում միջսահմանային համագործակցությունը կարգավորող աշխատակարգեր, ii) ՀՀ և Վրաստանի սահմանի կառավարման ոլորտի մարմինների կողմից «Բագրատաշեն» և «Սադախլո» ՊՍԱԿ-ների համար մշակված կլինեն ներգերատեսչական և միջգերատեսչական ստանդարտ գործառնական ընթացակարգեր (ՍԳԸ) և արտակարգ իրավիճակների ծրագրեր, iii) «Բագրատաշեն» և «Սադախլո» ՊՍԱԿ-ներում ՀՀ և Վրաստանի սահմանի կառավարման ոլորտի մարմինների կարողությունները զարգացած կլինեն մի շարք ոլորտներում՝ ներառյալ փաստաթղթերի ստուգումը, ռիսկերի գնահատումը և պրոֆիլավորումը, զննման մեթոդները և այլն: Միջին օղակի ղեկավար անձնակազմը պատրաստություն կանցնի հերթափոխերի կազմակերպման, արտակարգ իրավիճակների կառավարման, ինչպես նաև մշակված ՍԳԸ-ների արդյունավետ կիրառման ոլորտներում: Կանցկացվեն նաև հրահանգիչների պատրաստման դասընթացներ մի շարք առարկաներով, iv) «Բագրատաշեն» և «Սադախլո» ՊՍԱԿ-ների ենթակառուցվածքներն ու սարքավորումները կարդիականացվեն՝ ապահովելու համար սահմանի կառավարման ոլորտի մարմինների արդյունավետ աշխատանքը և սահմանահատման սահուն գործընթացը քաղաքացիների համար:
Ծանոթություն. սույն Ծրագիրը սերտորեն կապված է «ՀՀ «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» ՊՍԱԿ-ների արդիականացում» ծրագրի հետ և կօժանդակի ՊՍԱԿ-ներում գազաֆիկացման, էլեկտրաֆիկացման և օպտիկական մանրաթելային մալուխի տեղադրման աշխատանքներին, ՏՏ և անվտանգության համակարգերի ու սարքավորումների ձեռքբերմանը) »,- ասվում է նախագծի նկարագրության մեջ:








































