Կառավարությունը մտադիր է Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը՝ ապրիլի 23-ը, հռչակել Քաղաքացու օր՝ այն հայտարարելով ոչ աշխատանքային: Այս առնչությամբ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը մեզ հետ զրույցում ասել է․ «Ինձ համար սա նորություն էր, որովհետև պաշտոնապես նախագիծը դեռևս շրջանառության մեջ չեմ տեսել»: Նրա խոսքերով՝ լրատվամիջոցներում եղել է, որ նման գաղափար կա, ու գաղափարն է քննարկվում: Իսկ ինչ վերաբերում է այս գաղափարը քննադատողներին, պատգամավորն ասաց, որ դրանք այն մարդիկ են, ովքեր իրենց քսանամյա իշխանությունից զրկվեցին. «Եվ իրենց համար անցանկալի է, որ իրենց հեռացումը դառնա հիշատակի օր»: Մեր զրուցակիցը, այնուամենայնիվ, չի համարում, որ ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց. «Ապրիլի 23-ին արձանագրվեց ժողովրդի հաղթանակը բռնապետության նկատմամբ: Արդյո՞ք մենք պիտի որևէ ձևով նշենք մեր անցումը բռնապետությունից դեպի ազատ հասարակություն, թե՞ ուղղակի պետք է մոռանանք, թե դա ինչպես տեղի ունեցավ: Քննարկումը կարող է այս հարթության մեջ տեղի ունենալ։ Վարչապետի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանը չէր հերքել, որ կառավարությունը նման օր հռչակելու ցանկություն ունի, բայց արդյոք դա կլինի ապրիլի 23-ը, թե մեկ այլ օր՝ հստակ չէ, առայժմ նախաձեռնությունը քննարկումների փուլում է»։
ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանի կարծիքով՝ եթե մեզ մոտ իսկապես հեղափոխություն է եղել, այն պետք է ազդի իշխանական համակարգի վրա՝ ԱԺ-ն, կառավարությունը տրամաբանորեն փոխվեցին։ «Հիմա էլ դատարանները պետք է փոխվեն, զինանշանը, հիմնը ևս պետք է փոխվի, նաև տոնացույցները։ Մենք հիմա նշում ենք Չեկիստի օրը, Կարմիր բանակի օրը, դրանք տոներ են, բայց նոր իշխանությունը, հեղափոխական իշխանությունը պետք է իր գաղափարախոսությանը, արժեքային համակարգին, ծրագրերին ուշադրություն դարձնի։ Կան տոներ, որոնք մեր ապագան են կանխորոշում, մեր ուղին։ Իհարկե պետք է նշենք աշխատողների համերաշխության, պրոֆմիության օր, իհարկե պետք է լինի Հայկական բանակի, հայկական պառլամենտարիզմի օր՝ Հայաստանը խորհրդարանական պետություն է, պետք է նշվի կանանց և տղամարդկանց հավասարության օր՝ ոչ թե մարտի 8, պետք է ֆիքսվի, որ կանայք հավասար են»,- ասաց նա։
Ըստ Արշակյանի՝ ԱԺ դիսկրիմինացիոն օրենքը ևս պետք է փոխվի. «25 տոկոսի փոխարեն, 50 տոկոսը պետք է կանայք լինեն։ Իհարկե պետք է լինի դեմոկրատիայի, քաղաքացու իրավունքների օր՝ դա կարող է լինել մարդու իրավունքների դեկլարացիայի հռչակման օրը, հեղափոխության տրամաբանությունը դա թելադրում է։ Ձևական է, թե էական՝ հարցի մի կողմն է, բայց ես կուզեի, որ լիներ էական, տոնացույցը պետք է լինի իսկական տոն՝ մեկը անցյալի գնահատականը, ֆիքսումը, մյուսը ծրագրային՝ ձգտումների»։
Արշակյանը հավելեց, որ ցանկալի է, որ նշված օրերը լինեն աշխատանքային. «Պետք չէ հայ ժողովրդին զրկել մկանային հրճվանքից, այսինքն՝ աշխատանքային հաճույքից, մենք աշխատասեր ժողովուրդ ենք»։
Ինչ վերաբերում է կոնկրետ ապրիլի 23-ը Քաղաքացու օր հռչակելուն, մեր զրուցակիցն ասաց. «Ըստ իս՝ օրը պետք է հարմար լինի՝ ապրիլի 23, 24, մայիսի 1-ի, 8, 9, 28… մենք գարնանային աշխատանքային օր չենք ունենա, գարունը տոնակատարությունների սեզոն է դառնում, բայց պետք է բաշխվի։ Օրինակ՝ Անգլիայի թագուհու ծնունդը միշտ հունիս ամսվա կիրակի օրն է արվում՝ անկախ նրանից, թե նա երբ է ծնվել։ Ես ուզում եմ հաշվի առնվի կլիման և նաև հեռավորությունը նախորդ տոնից»։
Գերագույն խորհրդի մեկ այլ պատգամավոր Վիգեն Խաչատրյանն այս նախաձեռնության մասին բացասական կարծիք ունի։ Նա «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման հնարավորությունը ժամանակավրեպ գնահատեց. «Կարծում եմ՝ չափազանցությունների մեջ ենք»,- ասաց մեր զրուցակիցը։
Խաչատրյանը հավելեց. «Ես կարծում եմ, որ երբ տարիներ անց մենք համոզվենք, թե ինչ արդյունք տվեց այս հեղափոխությունը՝ նոր նման օրվա մասին մտածելու անհրաժեշտություն կլինի։ Իսկ հիմա ես նման նախաձեռնությամբ հանդես գալը լուրջ չեմ համարում»։
Ըստ Խաչատրյանի՝ նման գնահատականները պետք է մյուս սերունդները տան. «Մենք մեր արածին չպետք է գնահատական տանք»,-եզրափակեց նա։








































