Կիևի ոստիկանությունը կանխել է քրեական հեղինակությունների ժողովը։ «Սֆան» մականվամբ «օրենքով գողը» մյուս հանցավոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ժողով է կազմակերպել՝ քրեական աշխարհում իր ազդեցությունը սահմանելու և տարածելու համար։ Այս մասին հաղորդում է Ուկրաինայի մայրաքաղաքի ոստիկանությունը։
Ոստիկանները հայտնվել են Գերագույն ռադայի ճեմուղում գտնվող ռեստորաններից մեկում, որպեսզի քրեական հեղինակություններին խանգարեն քննարկել իշխանության բաշխումը և Ուկրաինայի տարածքում ազդեցությունը։ Ժողովը գլխավորել է Վրաստանում ծնված «օրենքով գող» Ջաչվլիանի Լաշան, որին 1985-ին «թագադրել են» Թբիլիսիում։ Նա փորձել է կապեր հաստատել այլ քրեական հեղինակությունների հետ և դառնալ բնակարանային գողերի ու ավազակների «հովանավորը»։
Հայտնի է, որ «Սֆան»-ը մինչև 2017-ը միջազգային հետախուզման մեջ է գտնվել՝ Իտալիայում շորթումների և կաշառակերության համար։ Բացի այդ, նրան բերման են ենթարկել նաև Կիևում՝ թմրանյութեր պահելու համար։










































