«Իմ քայլը» խմբակցությունը ոչ թե փակ նիստ է հրավիրել, այլ աշխատանքային հանդիպում է ունեցել. օրակարգում եղել են ընթացիկ հիմնախնդիրների, Կառավարության ծրագրի և հետագա գործունեության մարտավարության և ռազմավարության վերաբերյալ հարցեր: Այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: Նրա հավաստմամբ՝ Կառավարության ծրագրի վերաբերյալ դաշիքնում առկա է կոնսենսուսային մոտեցում՝ անկախ նրանից, որ որոշ հարցերի շուրջ կան տարբեր մոտեցումներ:
Վլադիմիր Վարդանյանի դիտարկմամբ՝ նորմալ է, որ Կառավարության ծրագիրը որոշակի քննադատության է արժանանում: «Մենք պետք է կենտրոնանանք ոչ թե անձերի, այլ կուսակցությունների ծրագրերի վրա, որոնց հիման վրա ձևավորվում է կառավարության ծրագիրը: «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրի լավագույն քննադատը, առ այն հաջողվել է, թե ձախողվել, առաջիկա ընտրություններն են: Մենք պետք է սկսենք կարդալ նախընտրական ծրագրերը, ոչ թե ընտրենք անձանց»,- նշեց մեր զրուցակիցը: Նա նաև ընդգծեց, որ Կառավարության ծրագիրը հեղափոխական է. «Ես այն կարծիքին չեմ, որ մենք պետք է առաջնորդվենք պերմանենտ հեղափոխության ծրագրով: Կառավարության ծրագիրը կենտրոնացած է տնտեսական հեղափոխության վրա… Ծրագիրը հայեցակարգային բնույթի փաստաթուղթ է, այն ճանապարհային քարտեզ չէ»:
Խոսելով անցումային արդարադատության մասին՝ մեր զրուցակիցը նկատեց, որ աշխարհում կան անցումային արդարադատության հաստատման և՛ ձախողված, և՛ հաջողված փորձեր. «Պետք է նախ հասկանանք, թե որոնք են անցումային արդարադատության խնդիրները Հայաստանում, և դրանից ելնելով՝ ձևավորենք անցումային արդարադատության հայաստանյան համակարգ, այնպես պետք է անենք, որ չձախողվենք»:
Մանրամասն՝ տեսանյութում:








































