Մանկապարտեզներում հերթագրման գործընթացն ավելի թափանցիկ ու քաղաքացիների համար հասանելի դարձնելու նպատակով Երևանի քաղաքապետարանը կգործարկի mankapartez.yerevan.am կայքը: Իրենց երեխաների հերթին սպասող ծնողներն այսուհետ անձամբ կհետևեն համակարգի աշխատանքի ողջ ընթացքին:
«Հասարակության շրջանում անընդհատ խոսում են, որ հերթագրման գործընթացն, այսպես ասած, կուլիսային է, թափանցիկ չէ: Երևանի քաղաքապետարանը շատ շուտով հանրությանը կներկայացնի կայքը, որն ամբողջ գործընթացը կդարձնի ավելի թափանցիկ, և ծնողները հնարավորություն կունենան հետևելու ամբողջ ընթացքին ու տեսնելու, թե իրենց երեխայի հերթագրումը որ փուլում է: Սա նույնպես մեր որդեգրած քաղաքականության մի մասն է. ցանկացած աշխատանք, որը կատարում է Երևանի քաղաքապետարանը, պիտի լինի հանրությանը հասու»,-ասել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը:
Երևանի մի շարք մանկապարտեզներում այս օրերին նորոգվում ու կահավորվում են տարիներ շարունակ չօգտագործված սենյակները՝ նոր խմբերի երեխաներին դիմավորելու համար: Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը ծանոթացել է Երևանի թիվ 15, 59 և 60 մանկապարտեզներում նախապատրաստական աշխատանքներին ու փոքրիկների համար ստեղծվող պայմաններին:
«Երևանում եղած առաջնային խնդիրներից է նաև մանկապարտեզների հերթագրումը, երեխաների թիվը մոտ 8000-ի է հասնում: Ցավոք սրտի, երկար տարիներ մարդիկ հերթագրվում էին ու չէին կարողանում իրենց երեխաներին մանկապարտեզ ուղարկել, որպեսզի ստանան համապատասխան կրթություն: Քաղաքապետի կողմից շատ հստակ հանձնարարական կար դրված. գտնել ճանապարհներ լուծելու այդ խնդիրը»,-ասել է Վիրաբյանը:
Խնդրին համակարգային լուծում տալու համար նախ գույքագրվեցին համայնքային ենթակայության մանկապարտեզներում առկա բոլոր այն տարածքները, որոնք վարձակալությամբ էին տրամադրված տարբեր կազմակերպությունների:
«Կային կազմակերպություններ, որոնց աշխատանքն իրոք հանրօգուտ էր, կարևոր էր մեր երկրի ու քաղաքի համար: Կազմակերպություններ էլ կային, որոնց ներկայությունը մեր մանկապարտեզների շենքերում այնքան էլ չէր բխում հանրային, այլ բխում էր նեղ անձնական շահերից: Վարչական բոլոր շրջանների ղեկավարներին տրվեց հանձնարարական՝ գրանցել բոլոր այն կազմակերպությունները, որոնք գործում են մանկապարտեզների տարածքներում և հանել իրավական հիմքերը»,-ասել է Վիրաբյանը:








































