Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, ով, ըստ ամենյանի, խորհրդարանական առաջիկա ընտրություններում գլխավորելու է ՀՀԿ համամասնական ցուցակը, գրեթե ամեն օր Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում հանդես է գալիս թիրախային գրառումներով։ Սարգսյանն ըստ էության սկսել է քարոզարշավը։ Ընդ որում՝ ուշագրավ է, որ վերջին օրերին ՀՀԿ ղեկավար անդամի շեշտադրումներն էապես փոխվել են։ Անհաշտ ընդդիմախոսության փոխարեն՝ նա հանդես է գալիս իշխանությանը հասցեագրված լատենտ ուղերձներով, որոնց իմաստն այն է, որ ՀՀԿ-ն կարող է դառնալ հարմար ընդդիմություն։
«Փաշինյանին օդի պես պետք է ուժեղ ընդդիմություն խորհրդարանում, առաջին հերթին՝ Ղարաբաղի հարցում իր վրա անխուսափելի դարձող միջազգային ճնշմանը դիմակայելու համար: Խորհրդարանական դիվանագիտությունը նաև արտաքին քաղաքականության հզոր գործիք է: Իսկ անվտանգության և պաշտպանության հարցերում պարզապես անհրաժեշտ է որոնել վերկուսակցական, կոնսենսուսային որոշումներ և լուծումներ: Դա հնարավոր է միայն կառուցողական և փորձառու թիմի հետ բանավեճի և փոխգործակցության միջոցով»,- քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում գրել է Վիգեն Սարգսյանը։
Պաշտպանության նախկին նախարարը տեսականորեն միանգամայն ճիշտ է, ընդ որում՝ Փաշինյանին նորմալ ընդդիմություն պետք է շատ ավելի լայն համատեքստում, որպեսզի վարչապետը կարողանա իրականություն դարձնել համակարգային, ինստիտուցիոնալ բարեփոխումների իր տեսլականը ու հնարավորություն ունենա իրապես դիվերսիֆիկացնել արտաքին քաղաքականությունը։ Սակայն այդ ընդդիմությունը ՀՀԿ-ն դառնալ չի կարող՝ ինչքան էլ Վիգեն Սարգսյանը փորձում է հանդես գալ խիստ կառուցողական դիրքերից։
Մի քանի անգամ նշել ենք, որ հեղափոխությունն ընդդիմություն չի ունենում, իսկ եթե ՀՀԿ-ն հավակնում է այդ դերին, կնշանակի՝ հեղափոխությունը, որպես այդպիսին, դեռ չի հաղթել. դեմոկրատական ընդդիմության դերում չի կարող հանդես գալ մի քաղաքական ուժ, որը հանդես է գալիս հին համակարգի ռեստավրացիայի դիրքերից։
Անցած յոթ ամիսներին ՀՀԿ-ն ռեբրենդինգի, արդիականացման հնարավորություն ուներ ու իրապես հասարակությանը կարող էր ցույց տալ, որ ներկայանում է դասական ընդդիմության դեմքով։ Բայց Հանրապետականը կատարելապես ձախողել է այդ շանսը ու հասարակությանը շարունակում է ներկայանալ Սերժ Սարգսյանի դեմքով՝ շարունակելով խորհրդանշել այն համակարգը, որի հեռացման պահանջը գարնանը փողոցներում միավորեց տասնյակ հազարավոր մարդկանց։ ՀՀԿ-ն նոր համատեքստին ադապտացվելու փոխարեն մնաց մայիսի 1-ի դավադրության տրամաբանության մեջ՝ ամռան վերջին փորձելով ապահովել Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ռեստավրացիան, կազմակերպելով հոկտեմբերի 2-ի խռովությունը, երկու անգամ տապալելով Ընտրական օրենսգրքի բարեփոխումները, եվրոպական կառույցներում անհաշտ պայքար մղելով հեղափոխության ու նոր Հայաստանի դեմ։
Նման այցեքարտով ասոցացվում են ոչ թե դեմոկրատական ընդդիմության, այլընտրանքի, այլ ռևանշի, հակահեղափոխության հետ։
Ավելին՝ չարդիականացված ՀՀԿ-ի մասնակցությունն առաջիկա ընտրություններին վտանգելու է դրանց բովանդակային կողմը՝ քարոզարշավը փոխադրելով «սպիտակների» ու «սևերի» հակադրության դաշտ։ ՀՀԿ-ն գործնականում տապալելու է նորմալ ընդդիմություն ունենալու Նիկոլ Փաշինյանի շանսը։
Եթե ՀՀԿ-ն է զբաղեցնում ընդդիմության նիշը, ապա հասարակությունը գործնականում զրկվում է ընտրության հնարավորությունից, որովհետև ռևանշիզմը չի կարող համարվել այլընտրանք։ Նույնիսկ տեսականորեն ՀՀԿ-ն չի կարող հավակնել այլընտրանքային մոտեցումների, որովհետև մի կողմից՝ անցած քսան տարիների քաղաքականությունը ձախողվել է, ու հասարակությանը չի կարելի առաջարկել ընտրություն թեկուզև այսօրվա անորոշության ու երեկվա լուզերության միջև, մյուս կողմից՝ Փաշինյանի իշխանությունն ու ՀՀԿ-ն գործում են միևնույն արտաքին քաղաքական վեկտորալ հարթության վրա ու նույնիսկ իդեալական ներքաղաքական կոնֆիգուրացիայի պայմաններում չեն կարող միմյանց այլընտրանք լինել։
Առաջիկա ընտրություններում պետք է ձևավորվի ընդդիմություն, սակայն դա պետք է լինի հեղափոխության համատեքստն ու օրակարգն ընդունող, արևմտյան արժեքային համակարգը կրող քաղաքական ուժ, որը ներկայացնի նոր Հայաստանի զարգացման այլընտրանքային տեսլական։








































