Ռոբերտ Քոչարյանը իր հարցազրույցում հայտարարեց, որ Հայաստանում հիպոթեքային վարկերի վերաբերյալ թվերը հեռու են իրականությունից, և ինքը դրանց չի հավատում: Խոսելով Տիգրան Սարգսյանի կառուցած աղյուսակների մասին, որոնք հիպոթեքի վարկավորման ծավալների նշանակալի աճ էին ցույց տալիս, նա ասաց. «Աղյուսակներում դրված տվյալները հեռու են հիփոթեքի իրական ծավալներից և պայմաններից: Այդ թվերի զգալի բաժինը կազմում են անշարժ գույքի վերաձևակերպված ժամկետանց գրավային պարտավորությունները»:
Ավելին՝ Քոչարյանը չափից դուրս հեռու գնաց՝ հայտարարելով. «Ես հակված չեմ հավատալ թվերին. դրանց մեջ խորամանկության մեծ չափաբաժին կա»:
Հիմա հարց՝ ինչո՞ւ Քոչարյանը չի հավատում թվերին: Նա ի՞նչ գիտի, որ ժամկետանց գրավային պարտավորությունները բանկերը վերաձևակերպում են՝ արհեստականորեն մեծացնելով թվերը: Չէ՞ որ վերաձևակերպված վարկերի ծավալի մասին որևէ պաշտոնական տեղեկատվություն չկա, մենք չենք կարող իմանալ՝ ՀՀ-ում տրված վարկերի (նաև՝ հիպոթեքային) ո՞ր մասն է վերաձևակերպված: Պատասխանը հստակ է՝ նույն սխեման կիրառել է ինքը՝ արհեստականորեն մեծացնելով շինարարության ու ընդհանրապես՝ տնտեսական աճի 2002-2007թթ. թվերը:
Այո՛, բանկերն իսկապես ժամկետանց ու չմարված հիպոթեքը (և առհասարակ՝ ժամկետանց վարկերը) վերաձևակերպում են, ինչը թույլ է տալիս ոչ միայն թաքցնել խնդիրները, այլև մեծ աճեր ցույց տալ: Բայց նման բան մեր բանկերն անում են ոչ թե 2008-ից սկսած, այլ շատ ավելի վաղ տարիներից: Անթույլատրելի վերաձևակերպումների մասին նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, օրինակ, խոսում է ոչ միայն վերջին տարիներին, այլև դեռ 2000-ականների կեսերից:
Քոչարյանի ժամանակ այդ բանկային վերաձևակերպումները ֆանտաստիկ չափերով կատարվում էին բուն շինարարական վարկերի գծով. մարդը նույն շենքը կառուցելու համար 3-4 անգամ կարող էր վարկ ձևակերպել: Այդ ամենը պայթեց 2008-ին՝ հանգեցնելով շինարարության աննախադեպ անկման: Այսօր այդ վերաձևակերպումները նույնպես կատարվում են հիպոթեքի գծով, և դրանք, ինչպես շինարարության վարկերը, մի օր պայթելու են:
Բայց թողնենք մի պահ այդ վերաձևակերպումների հարցը: Քոչարյանն իր հարցազրույցով համաձայնում է 2000-ականներին իր հասցեին հնչեցված մեղադրանքների հետ: Նա, ըստ էության, հաստատում է, որ ճիշտ էին անում հայաստանցիները, երբ չէին հավատում իր հայտարարած երկնիշ աճերին: Այդ տարիների մամուլը ողողված էր քննարկումներով այն մասին, թե ինչու է պաշտոնապես հայտարարվում երկնիշ աճ, բայց հասարակ հայաստանցին դա չի զգում: Եվ այսօր որքան շատ է խոսում Ռոբերտ Քոչարյանը, այնքան հաստատում է իր դեմ հնչեցված բոլոր մեղադրանքները:









































