Երևանի ավագանու ընտրություններին գրանցած 81 տոկոսը ցույց է տալիս, որ առնվազն Երևանի մակարդակով գործող իշխանություններին չկա ռեալ ընդդիմադիր ուժ։ Ընդ որում՝ մասնագետների կարծիքով՝ գրանցած արդյունքի մեծ մասը կոնկրետ վարչապետ Նիկոլ Փաշինյանինն է, ինչն էլ հուշում է, որ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին կգրանցվի մոտավորապես նույն պատկերը, և անհրաժեշտ է ձևավորել ռեալ ընդդիմադիր ուժ։
Քաղաքագետները նշում են՝ գործող իշխանություններին ռեալ և կառուցողական այլընտրանք կարող է լինել արևմտամետ ուժի ձևավորումը, որն այսօր, ըստ էության, չկա։ Ռադիկալ հակառուսական դիրքերից է հանդես գալիս նորաստեղծ «Սասնա ծռեր» կուսակցությունը, որի անդամները հայտարարում են, որ Հայաստանը պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից, իսկ ռուսական հեռուստաալիքների գործունեությունը Հայաստանում պետք է սահմանափակվի։
![]()
Փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ չափազանց վտանգավոր է այն փաստը, որ արևմտյան գաղափարախոսության կրողները Հայաստանում ներկայացնում է մի ուժ, որը ոչ վաղ անցյալում զինված պայքարի կողմնակից էր և նախկին իշխանություններին տապալելու համար դիմել է ոչ թե խաղաղ այլ զինված պայքարի մեթոդին։ «Հայաստանում առկա է և բավականին մեծ թիվ է կազմում հասարակության այն սեգմենտը, որի ամենևին էլ սրտով չէ այն ամենը, ինչ անում է Ռուսաստանը։ Բացի դրանից՝ Հայաստանի զարգացումը հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս կարգավիճակում պարզապես չի ստացվի։ Հետևապես, Հայաստանը իր զարգացման խնդիրները պետք է և կարող է լուծել իր քաղաքակրթական դաշնակիցների, այն է` ԱՄՆ-ի ու Եվրոպայի հետ։ Կարծում եմ, որ այդ իմաստով, բացի վերը նշված ուժից, կան քաղաքական ուժեր, որոնք այդ արժեքների կրողն են և առաջիկայում իրենց մասին կհայտնեն»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Մեր զրուցակիցը շարունակում է. «Ընդդիմությունը կարող է տարբեր լինել, բայց առավել կոնստրուկտիվ ընդդիմությունը, որի գործունեությունն ուղղված է Հայաստանի զարգացմանը՝ հենց այդպիսի ընդդիմությունը պետք է լինի, այլ ոչ թե, որ իշխանությունն ասի՝ մածունը սպիտակ է, իսկ իրենք ասեն՝ ո՛չ, քանի որ մենք ընդդիմություն ենք, ուրեմն սև է»։
Մեհրաբյանը միևնույն ժամանակ շեշտում է՝ Ռուսաստանին ավելի մեծ նվեր մատուցել, քան «արևմտամետ» «ծռերն» են, հնարավոր չէ. «Ռուսական պրոպագանդայի բերանն ավելի կեղտոտ փաստարկը գցելն ավելի հեշտ հնարավոր չէր անել»։

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի կարծիքով՝ զուտ տեխնոլոգիական իմաստով «Սասնա ծռերը» ճիշտ են վարվում, քանի որ այդ ուղղվածության կողմնակիցները չունեն իրենց շահերը ներկայացնող հստակ քաղաքական ուժ։ «Խնդիրն այն է, թե որքանով կաշխատի այդ տեխնոլոգիան։ Հայաստանում կան շատ մարդիկ, որոնք Հայաստանի ապագան տեսնում են առնվազն ոչ ՀԱՊԿ-ի կամ ԵԱՏՄ-ի կազմում։ Դա չի նշանակում, որ պետք է թշնամանալ Ռուսաստանի հետ, կամ ռազմաբազան դուրս բերել Հայաստանից։ Նրանք Հայաստանի ապագան տեսնում են Եվրամիության կամ արևմտյան կառույցներին ինտեգրվելու մեջ, հիմա դնենք մի կողմ՝ դա այսօր կստացվի, թե հարյուր տարի հետո, բայց ցանկությունը դա է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Միևնույն ժամանակ Բադալյանը շեշտում է՝ «Սասնա ծռերի» գործունեությունը արևմտամետ չէր. «Արևմտամետ ոչ մի ուժ նման գործողություն չէր իրականացնի, այդ պատճառով միանշանակ չէ, որ արևմտյան գաղափարախոսություն ունեցող ընտրազանգվածն իրենց ձայն կտա»։
Բացի դրանից՝ ըստ մեր զրուցակցի, «Սասնա ծռերի» խաղադրույքն ավելի շատ հակառուսականությունն է, քան արևմտամետությունը. «Իրենք, այո՛, փորձում են գրավել Հայաստանում արևմտամետ զանգվածին, բայց դժվար է ասել՝ դա տեղի կունենա՞, թե՞ ոչ»։
Ինչ վերաբերում է Ռուսաստանի հնարավոր արձագանքին, Արմեն Բադալյանը նշեց. «Ռուսական լրատվությունը, եթե ցանկանա քննադատել Հայաստանին՝ անընդհատ կարող է առիթներ գտնել՝ սկսած վարչապետի ու նրա թիմակիցների անունից, դա ընդամենը լրացուցիչ փաստարկ է։ Խնդիրը «Սասնա ծռերը» չեն, այլ այն, որ արևմտամետ ընտրազանգվածը միավորող քաղաքական ուժ չկա։ Ժամանակի ընթացքում դա կարող է բացասական անդրադարձ ունենալ, եթե «Սասնա ծռերն» են արևմտամետ ուժ՝ ավելի լավ է Հայաստանում ընդհանրապես արևմտամետ ուժ չլինի»։








































