Վերջին օրերին տարբեր տրամաչափի քաղաքագետների եւ բազում լրատվամիջոցների կողմից հաճախակի էինք հանդիպում կանխատեսումների հակահեղափոխության հնարավորության մասին։ Այս մասին ասված է Ազատամարտիկների դաշինքի խորհրդի հայտարարության մեջ։
«Բոլորիդ հայտնի գաղտնալսումը, կարծես միջոց դարձավ ռեւանշիստների վերակենդանացման դրսեւորումներին, որն ավելի քան հաստատեց, որ մեր ուժային կառույցների եւ իրավապահ մարմինների գործողությունները ճիշտ ուղղության վրա են։ Այս իրավիճակը մեր երկրի ապագայով մտահոգ բոլոր ուժերին՝ կրկին միավորվելու եւ ժողովրդի հաղթանակը մինչեւ վերջ հասցնելու պատգամ է տալիս։
Ազատամարտիկների դաշինքն իր զորակցությունն է հայտնում կառավարությանը եւ իր պատրաստակամությունը՝ աջակցելու ուժային կառույցներին պայքարելու երկիրը կեղեքած, թալանած եւ դեռ վերակենդանանալու հույսեր փայփայող հանցավոր կլանի դեմ։
Ազատամարտիկների դաշինքը կոչ է անում բոլոր ազատամարտիկներին միավորվելու, մեր ժողովրդի հաղթանակը մինչեւ վերջ հասցնելու եւ մեր հաղթանակած սերնդի արժանապատիվ կերպարը վերականգնելու պայքարին»,- ասված է դաշինքի հայտարարության մեջ։








































