Եվրոպական միությունը պատրաստում է պատժամիջոցների նոր փաթեթ Սիրիայի դեմ: Այս մասին այսօր հայտարարել է ԵՄ ներկայացուցիչը, որի խոսքերը մեջբերում է ITAR-TASS գործակալությունը: Պատժամիջոցները տարածվելու են երկրի 7 հայտնի անձանց վրա, որոնք Բաշար Ալ-Ասադի մերձավորներից են, ինչպես նաև չորս ընկերությունների վրա:
ԵՄ ներկայացուցիչն ասել է նաև, որ այս փաթեթը պետք է արժանանա ԵՄ անդամ երկրների ղեկավարների և կառավարությունների ղեկավարների հավանությանը ԵՄ գագաթնաժողովի ժամանակ, որն այսօր տեղի կունենա Բրյուսելում: Մինչև այս պահը ԵՄ-ն բազմաթիվ պատժամիջոցներ էր կիրառել, որոնք սահմանում էին մի շարք անձանց, այդ թվում՝ նախագահ Բաշար Ալ-Ասադի հաշվեհամարների սառեցում, Սիրիա զենքի ներկրման արգելք և այլն:
Երեկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ չի հավատում նախագահ Ալ-Ասադի հայտարարություններին և հակված է այն տարբերակին, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այս հարցով նույնպես բանաձև կընդունի:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բոլոր հիմքերն ունի չհավատալու Սիրիայի ղեկավարության բարի խոստումներին, քանի որ անցած երկու օրերին Հալեպում ձերբակալվել է 218 ուսանող: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:








































