Մինչ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 17-ի հանրահավաքում խոսում է հումանիտար ոլորտում հայ-ռուսական աննախադեպ մի նախաձեռնության մասին, ինչն, ի դեպ, մինչ այժմ հաստատում չի գտել Մոսկվայում՝ այսօր Սոչիում պաշտոնական հանդիպում է տեղի ունեցել Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի միջև։ Նախագահները բանակցություններ անցկացրել են սկզբում նեղ, այնուհետ լայն կազմերով, այնուհետև ստորագրվել են մեկ տասնյակից ավելի փաստաղթեր, հրապարակվել է համատեղ հայատարարություն։
ԼՂ խնդիրը քննարկվել է բանակցությունենրի ժամանակ, սակայն դրանց ավարտին նախագահները սահմանափակվել են ընդհանուր ձևակերպումներով։ Ռուսաստանը մտադիր է շարունակել աջակցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Մենք կարծիքներ ենք փոխանակել միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ: Մասնավորապես, բնականաբար, անդրադարձել ենք նաև Լեռնային Ղարաբաղի խնդրին: Ռուսաստանը՝ որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, կշարունակի հնարավոր աջակցություն ցույց տալ այս հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- ասել է ՌԴ նախագահը:
Սակայն ուշագրավ է, որ, դատելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրապարակային հայտարարություններից, երկու երկրների ղեկավարները հանգամանալից քննարկել են ռազմատեխնիակական համագործակցությունը զարգացնելու հեռանկարները։ Ռուսաստանից Ադրբեջանին զենքի մատակարարման վերաբերյալ արդեն իրականացված պայմանագրերը 5 միլիարդ դոլար են գնահատվում, և այդ թիվը շարունակում է աճել․ Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Մենք նաև այսօր քննարկել ենք հետագա համագործակցությունը ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում։ Այն ունի արդեն մեծ ավանդույթներ։ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև կյանքի կոչված պայմանագրերը, ռազմական նշանակության արտադրանքը, որ Ադրբեջանը գնել է Ռուսաստանից, գերազանցում է 5 միլիարդ դոլարը և աճի միտում ունի, քանի որ Ադրբեջանը շարունակում է զինված ուժերի արդիականացումը, իսկ Ռուսաստանը միջազգային շուկաներ ռազմական արտադրանքի համաշխարհային կարևորագույն արտադրող և մատակարար է»,- հայտարարել է Ալիևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքներով։
Ալիևի այս հայտարարությունը հստակ ազդանշան է, որ պաշտոնական Մոսկվան, ըստ էության, լուրջ չի վերաբերել իր դաշնակից Հայաստանի վերապահումներին։ Նիկոլ Փաշինյանը քանիցս նշել է, որ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած երկու հանդիպումների ժամանակ բարձրացրել է Ադրբեջանին ռուսական սպառազինությունների մատակարարման հարցը։ Հատկապես թավշյա հեղափոխությունից հետո շատերն ակնկալում էին, որ Մոսկվան կարող է ընդառաջ գնալ պաշտոնական Երևանի հորդորներին՝ վարձահատույց լինելով այն բանի համար, ոչ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը բոլոր առիթներով իր հավատարմությունն է արտահայտում հայ-ռուսական հարաբերություններին, ՀԱԿՊ-ին, ԵՏՄ-ին։ Սակայն Ռուսաստանի հանդեպ վարվող Հայաստանի անայլընտրանք, միավեկտոր արտաքին քաղաքականությունն ոչ միայն արդյունավետ չի եղել, այլ նաև խորքային ճգնաժամ է առաջացրել հայ-ռուսական հարաբերություններում, ինչն արդեն հրապարակային դրսևորումներ է ունենում․ մի դեպքում Սերգեյ Լավրովն է հանդես գալիս կոշտ հայտարարությամբ, մեկ այլ դեպքում՝ Պուտինը ցուցադրաբար շնորհավորում է Ռոբերտ Քոչարյանի տարեդարձը՝ ցույց տալով իր անվստահությունը Հայաստանի գործող իշխանության հանդեպ։ Էլ չենք ասում այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստան կատարած երկու այցերն, ըստ էության՝ արարողակարգային են եղել ու չեն ամրապնդվել կոնկրետ պայմանավորվածություններով։
Այս համատեսքտում խիստ մտահոգիչ է Մոսկվայի ու Բաքվի հարաբերություններում նկատվող զարգացման դինամիկան։ ՌԴ նախագահն այսօրվա հանդիպմանն ընդգծել է երկու երկրների միջև հարաբերությունների ռազմավարական բնույթը։ «Հարաբերությունները զարգանում են և՛ քաղաքական, և՛ տնտեսական ուղղություններով»,- ասել է Պուտինը՝ ընդգծելով երկրների միջև ապրանքաշրջանառության զարգացումը։
Խոսուն է նաև այսօր ստորագրված փաստաթղերի ոլորտային բազմազանությունը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևի հանդիպման ժամանակ տասնվեց փաստաթուղթ է ստորագրվել:
Համաձայնագիր է կնքվել ապրանքների մաքսային վերահսկողության, էլեկտրահաղորդալային և գազատար տրանսպորտով հաղորդակցության հետ կապված: Ավիատրանսպորտով մաքսային իրավախախտումների դեմ պայքարում փոխգործակցության արձանագրություն է ստորագրվել:
Բացի այդ, ՌԴ-ն և Ադրբեջանը մտադիր են միասին զբաղվել «Գոշադաշ» բլոկի նավթային և գազային պոտենցիալի, ինչպես նաև Ապշերոն թերակղզու հյուսիսային հատվածի ուսումնասիրությամբ։ «Ռոսնավթ»-ի և SOCAR Trading S.A-ի միջև պայմանագիր է ստորագրվել։
Կրեմլում հստակեցրել են, որ քննարկվել են «երկկողմանի օրակարգի տարբեր հարցեր, առաջնահերթություններ, առևտրատնտեսական համագործակցության նախադրյալները»։
Մեր ուշադրությունից չվրիպեց այն հանգամանքը, որ այսօրվա հանդիպման ժամանակ, ինչպես նաև երկու նախագահների հայտարարությունների մակարդակում շրջանցվել է ՀԱՊԿ-ին Ադրբերջանի հնարավոր անդամակցության թեման։ Օրեր առաջ անդրադարձել էինք այս թեմային՝ նկատելով, որ նման հարց Բաքվի արտաքին քաղաքական օրակարգում գոյություն չունի ու ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցության թեման վերջին շրջանում առավելապես քննարկվում է քարոզչական հարթության վրա՝ Երևանի հնարավոր արձագանքները ստուգելու նպատակով։ Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը չափազանց պրագմատիկ է․ Բաքուն Մոսկվայից ստանում է այն, ինչ հնարավոր է ու հրաշալի գիտակցում է, որ ՀԱՊԿ-ին անդամակցությունն ավելի շատ կաշկանդելու է իր քաղաքականությունը, քան ստեղծելու է նոր հանրավորություններ։
ՌՊՀՀ տարածաշրջանի և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ, Միջազգային հարաբերությունների ռուսական խորհրդի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մարկեդոնովը՝ ամփոփելով Պուտին-Ալիև հանդիպումը, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «…Եվ ոչ մի ՀԱՊԿ: Թույլ կտամ ինձ ինքնամեջբերում կատարել. «Բաքուն և «Եվրասիական ՆԱՏՕ-ն» հավանաբար սրանից հետո էլ զուգահեռ կուրսերով առաջ կգնան», ինչը և ապացուցեց նաև Ալիևի և Պուտինի հանդիպումը: Ստորագրված 16 փաստաթղթեր, ներառյալ` նախագահների համատեղ հայտարարությունը, ավանդական միջկառավարականները, «ճանապարհային քարտեզները», տնտեսությունը, սպորտը, տուրիզմը, բանկերը, գազը, նավթային համաձայնագրերը… ՀԱՊԿ չկա: Սկզբունքորեն չէր էլ ենթադրվում: Քանզի ևս մեկ ինքնամեջբերում. «Համագործակցության ցանկացած առաջարկ, որը չի մոտեցնում Ղարաբաղի վերադարձը, Ադրբեջանը կամ փակում է, կամ ջանասիրաբար շրջանցում»: Իսկ Մոսկվայում, ներեցեք, բայց 1991թ.-ից ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե չկա, իսկ ցինիկ պրագմատիկները բարեգործության չեն հավատում»:
Այսպիսով՝ ստեղծվել է բավականին ուշագրավ իրավիճակ․ Հայաստանի նոր կառավարությունը բոլոր հնարավոր առիթներով իր հավատարմությունն է ցույց տալիս Մոսկվային, իսկ վերջինս շարունակում է սերտացնել հարաբերություններն Ադրբեջանի հետ, այդ թվում՝ ռազմատեխնիակական համագործակցության ոլորտում։ Հայաստանի կառավարությունը պետք է շուտափույթ կերպով փորձի հաղթահարել հայ-ռուսական հարաբերություններում առկա ճգնաժամը, որովհետև դրա հիմնական շահառուն մնում է Ադրբեջանն, իսկ ամեն ինչ պտտվում է ԼՂ խնդրի շուրջ։ Սակայն դրա բանալին ոչ թե միակողմանի ու տենդենցիոզ, այլ իրապես բազմավեկտոր արտաքին քաղաքականությունն է, որը թույլ կտա գործընկերային միջավայրում ձևավորել վստահելի պարտնյորի իմիջ։









































