Աժ նախկին հանրապետական պատգամավոր Առաքել Մովսիսյանը, հանրությանը առավելապես հայտնի Շմայս կեղծանվամբ, նախօրեին հիշել է իր «Շմայսեր» ավտոմատի մասին, որ պահել է դեռևս Արցախյան պատերազմից հետո, և հիմա բերել ու հանձնել է ԱԱԾ՝ իր մոտ ապօրինի զենքի գործի շրջանակում: Դրա շրջանակում նա բերման էր ենթարկվել օրեր առաջ, հետո ազատ արձակվել, քանի որ կամավոր հայտնել էր ունեցած ռազմամթերքի և զենքի տեղը: Փաստորեն, «Շմայսեր» ինքնաձիգի մասին մոռացել է կամ մինչև վերջին պահը չի ցանկացել հրաժարվել իր «թալիսմանից»:
Շմայսը հայտարարել է, որ «արդեն էս երկրում զենք պահելու կարիք չկա»: Սա խիստ ուշագրավ հայտարարություն է, որը բնութագրում է Հայաստանի նախորդ կամ հեռացող համակարգի ամբողջ էությունը: Իսկ ինչո՞ւ է եղել զենք պահելու կարիք «այս երկրում»: Հետաքրքիր կլիներ, թե ինչ կպատասխաներ Շմայսը այդ հարցին: Ումի՞ց և ինչի՞ց պաշտպանվելու համար: Այդ հայտարարությունը հուշում է, որ Հայաստանում առկա համակարգը, որ այժմ ապամոնտաժվում է, եղել է միանգամայն գիտակցված ընտրություն դրա բոլոր մասնակիցների համար, որոնք նաև շատ լավ պատկերացրել են իրենց արածի վտանգավորությունը: Դրա համար է, որ եղել է «էս երկրում» զենք պահելու կարիք, որովհետև միայն «զենքը» կարող էր լինել անվտանգության երաշխիք այդ համակարգի մասնակիցների համար:
Թեմայի քննարկմանն առաջինի տաղավարում մասնակցեցին լեզվաբան Նարինե Դիլբարյանը, աստվածաբան Վարդան Խաչատրյանը, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Եթե առաջնորդվենք վերջին օրերի բացահայտումների տրամաբանությամբ, զենքն ու գողոնը միասին են հայտնաբերվում: Դա ինչ-որ բանի մասին վկայո՞ւմ է: Անդրադառնալով այս հարցին, իրավապաշտպան Ա. Սաքունցը նշեց, որ դա խոսում է այն մասին, որ ավազակապետություն ասվածը հիմնավորվում է. «Զենքի ուժով ավազակություն էին կատարում, իշխանությունը, բացի իրեն տրված պետական ռեսուրսներից՝ հանձինս ոստիկանության, ԶՈւ-ի, դատախազության, դատարանների, օգտագործում էր նաև ոչ ֆորմալ խմբեր կամ ուժեր, որոնց մենք անմիջականորեն առնչվեցինք 2008թ մարտի 1-ին: Առնվազն 35 խմբավորումներ՝ թիկնազորներ՝ ջոկատներով մասնակցել են անզեն ժողովրդի դեմ ուժային մեթոդների կիրառմանը, և պատահական չէ, որ նրանք ունեին զենք կրելու անպատժելի և անվերահսկելի իրավունք: Այսինքն՝ մենք իրապես գործ ունեինք դասական ավազակապետության հետ, որը զենքի գործադրմամբ և զենքի գործադրման սպառնալիքով թալանում էր»:
Նարինե Դիլբարյանի դիտարկմամբ՝ ներկայիս բացահայտումները ապացուցեցին մի հանրահայտ ճշմարտություն, որ մեր իշխանությունները, ոչ միայն Ս. Սարգսյանի, այլ նաև նախորդ նախագահների օրոք այս ճանապարհով խնդիրներ լուծելու մարտավարությունը և ռազմավարությունը միշտ կիրառել են:
«Դժվար թե Առաքել Մովսիսյանը ինքնակամ և այդպես հեշտությամբ իր զենքը հանձներ: Պետք է հետևողական լինել և զենքի կիրառման ոլորտը բացառել: Մտահոգիչ է՝ արդյո՞ք կետային և ընտրողաբար չեն բացահայտումները: Շմայսը մենակ չէ, շմայսները և շմայսականությունն այնքան տարածված է, որ պետք է հաշվի առնել, եթե կա զենք, դա մի օր կրակելու է, և պետք է զգույշ լինել այդ կրակոցներից: Պետք է ստեղծել մի մթնոլորտ, որտեղ բացառված կլինի կրակոցների միջոցով հարցերը լուծելը»,- նշեց լեզվաբանը:
Վ. Խաչատրյանն ընդգծեց, որ եթե իշխանությունը հենվում է ժողովրդի վրա, ի հայտ է գալիս Ցիցերոնի ասած բացարձակ ճշմարիտ լուծումը. «Իշխանությունը զինված բանդաների դեմ է դուրս գալիս. զինված բանդաները պետք է ծնկի բերվեն պետական զինված հաստատությունների միջոցով»:
Մանրամասն՝ տեսանյութում:








































