Խորհրդարանական երկու՝ Պաշտպանության, ազգային անվտանգության ու ներքին գործերի և Մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովների նախաձեռնությամբ այսօր Երևանում անցկացվեցին «Մարդու իրավունքները զինված ուժերում» թեմայով խորհրդարանական լսումներ:
Ողջունելով հյուրերին՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ համաձայն ՀՀ Սահմանադրության՝ մարդու իրավունքները բարձրագույն արժեք են, և այդ արժեքի ապահովմանն է նպատակաուղղված Ազգային ժողովի ողջ գործունեությունը:
«Զինված ուժերում մարդու իրավունքների ապահովումը ոչ միայն մեր երկրի կողմից միջազգայնորեն ստանձնած պարտավորություն է, այլև, առաջին հերթին, իրավական և բարոյական պարտականություն, որի լիարժեք կատարումը անմիջականորեն բխում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության շահերից: Ազգային ժողովն ակտիվորեն փոխգործակցում է քաղաքացիական հասարակության հետ: Դա արվում է մեկ նպատակով՝ է՛լ ավելի արդյունավետ դարձնելու համար Ազգային ժողովի գործունեությունը՝ հանուն երկրի առաջընթացի»,- ասաց նա:
Աբրահամյանի խոսքով՝ ՀՀ զինված ուժերն ապահովում են մեր երկրի անվտանգությունը, պաշտպանությունը և նրա սահմանների անձեռնմխելիությունը, ուստի ԶՈՒ-ում մարդու իրավունքների վիճակի շարունակական բարելավումը և պաշտպանական ներուժը արհեստավարժության, կարգապահության, թափանցիկության և վերահսկելիության արդիական չափանիշներին համապատասխանեցնելը համատեղ գործունեության գերակա ուղղություն է:
ԱԺ նախագահը նկատեց՝ անցկացվող լսումները պատեհ առիթ են՝ անդրադառնալու ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագրքի կիրառման հարցերին, արձանագրելու ինչպես դրական արդյունքները, այնպես էլ բացահայտելու առկա խնդիրները:
«Ցանկանում եմ վերահաստատել, որ Հայաստանի Ազգային ժողովը շարունակելու է իր ակտիվ մասնակցությունն ունենալ զինված ուժեր-հասարակություն փոխադարձ կապի ամրապնդման գործում, ինչը կապահովի զինված ուժերի թափանցիկության և քաղաքացիական վերահսկողության անհրաժեշտ մակարդակը»,- ասաց նա:
ԱԺ նախագահի փոխանցմամբ՝ Ազգային ժողովի ղեկավարության, պատգամավորների պարբերական այցերը զորամասեր, զինվորական հաստատություններ, հանդիպումներն ու զրույցները զինծառայողների և հրամանատարների հետ նույնպես դրական ազդեցություն են ունենում զինված ուժերում մարդու իրավունքների ապահովման և, ընդհանուր առմամբ, զինվորների բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավման վրա: Աբրահամյանը նշեց, որ կարևորում է միջազգային կառույցների ներգրավվածությունը խորհրդարանական լսումներին:
Խորհրդարանական լսումների անցկացմանն իրենց աջակցությունն են ցուցաբերել ԵԱՀԿ երևանյան գրասենյակը և Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնը, որոնց հետ Հայաստանի Ազգային ժողովի, մասնավորապես՝ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովի համագործակցությունն ԱԺ նախագահը բարձր է գնահատում: Աբրահամյանը համոզմունք հայտնեց, որ ապագայում ևս Հայաստանի Ազգային ժողովի ակտիվ համագործակցությունը միջազգային կազմակերպությունների հետ տալու է իր դրական արդյունքները:








































