«Դասավանդիր Հայաստան» հիմնադրամը կրթությունը հասանելի է դարձնում ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի հեռավոր գյուղերի աշակերտների համար: Առաջնորդության զարգացման ծրագրի մասնակիցների՝ հեռավոր գյուղեր մեկնող և դպրոցներում դասավանդող ուսուցիչների քանակը ավելանում է: Հունիսի 5-ին կայացավ «Ես դառնում եմ դեսպան» արարողությունը, որը նվիրված էր երկամյա ծրագիրն այս տարի ավարտող 28 մասնակիցներին: Միջոցառմանը ներկա էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
«Զարգացած Հայաստան ասելիս հասկանում ենք, նախևառաջ ժամանակակից և զարգացած կրթություն: Հայաստանը 21-րդ դարում չի կարող ունենալ լավ ծրագրեր, լավ ապագա, եթե չունենա հիմք՝ կրթված քաղաքացիներ: Այստեղ կրթությունը պետք է լինի համաչափ: Տարբեր ոլորտների տաղանդները չեն ծնվում միայն Երևանում, այլ նաև մյուս քաղաքներում, գյուղերում և հաճախ՝ հեռավոր գյուղերում: Այս ծրագրով շատ կարևոր գործ է արվում՝ կրթությունը հասանելի դարձնել նաև հեռավոր անկյուններում»,-ասաց նախագահ Արմեն Սարգսյանն ու իր խորին երախտագիտությունը հայտնեց ինչպես ծրագիրն ավարտողներին, այնպես էլ կազմակերպիչներին:









































