Կոռուպցիոն ռիսկերը ՊԵԿ-ում պետք է արմատախիլ անենք մեկընդմիշտ, սա այն պատմականորեն ընձեռնված հնարավորությունն է, եթե այսօր էլ չանենք, ուրեմն ձախողում ենք այն ամենը, ինչ մեր համար արժեք ունի: Այս մասին, այսօր՝ մայիսի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
Դիտարկմանը, որ քաղաքական իրավիճակի փոփոխությունից հետո հարկային եւ մաքսային մարմիններում նույնիսկ մանր կաշառակերության գործեր են բացահայտվում, նախկինում դրանց մասին ՊԵԿ-ում տեղյակ չե՞ն եղել, Անանյանը պատասխանեց. «Ես չեմ ասի տեղյակ են եղել կամ չեն եղել։ Ես մայիսի 18-ից՝ իմ նշանակումից հետո կարող եմ հայտարարել, որ եթե նման երեւույթներ են եղել, մենք՝ այդ թվում հանրությունը պետք է պայքարենք դրանց դեմ։ Թե ինչքանով համակարգը դրան անդրադարձ կկատարի կամ հետադարձ կապը որքանով ցավոտ կլինի, մենք ականատես կլինենք։









































