Այսօր Մամուլի ազգային ակումբը ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպանության աջակցությամբ հրավիրեց հասարակական-քաղաքական քննարկում՝ «Հայաստանը փակուղո՞ւմ, թե՞ խաչմերուկում. Վիլնյուսից առաջ» թեմայով: Քննարկմանը մասնակցեցին ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության մամլո խոսնակ Անժելա Խաչատրյանը, «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը, ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը, Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը, «Ընդդեմ կամայական բռնության» ՀԿ ներկայացուցիչ Լարիսա Ալավերդյանը, ՀՀՇ կուսակցության գործադիր քարտուղար Կարեն Կարապետյանը և ՄԻԱԿ քարտուղար, ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Կարապետյանը:
Թեմայի շուրջ խոսեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության մամլո խոսնակ Անժելա Խաչատրյանը՝ նշելով, որ ՀՀ-ն սեպտեմբերի 3-ի որոշմամբ էական հետքայլ կատարեց, քանի որ ստորագրելով ԱՀ-ն՝ Հայաստանը կգրանցեր տնտեսական առաջընթաց և կստանար որոշակի հնարավորություններ:
«ՄՄ-ում, մենք բոլորս գիտենք, գոյություն ունի եվրասիական տնտեսական կոմիտե, որը վերազգային կառույց է՝ այդ կառույցի որոշումները պարտադիր են ՄՄ անդամ պետությունների համար: Սա նշանակում է, որ միջամտություն է կատարվելու հայաստանյան ֆինանսատնտեսական բոլոր գործընթացներին, իսկ ՀՀ Սահմանադրությունը թույլ չի տալիս նման դրույթ, մենք ինքնիշխան պետություն ենք, և մեզանում որոշումներ կայացնելու վերազգային մարմնի ստատուս չի նախատեսվում, ավելին՝ դա փոփոխման ենթակա չէ»,- նման տեսակետ հայտնեց Անժելա Խաչատրյանը:
Անդրադառնալով պնդումներին, թե ՀՀ-ն ՄՄ է գնում անվտանգության պատճառով՝ նա նշեց, որ չի կիսում կարծիքները, թե ՄՄ անդամակցությամբ Ռուսաստանը ապահովելու է ՀՀ անվտանգությունը և երաշխիքներ է տրամադրելու:
«Ի՞նչ երաշխիքներ կան, որ ՀՀ իշխանությունները մի օր չեն հանձնի ԼՂ-ն: Մենք պետք է տեսնենք, թե ինչ ենք ընտրում և ինչի փոխարեն: Ծիծաղելի է, երբ ասում են՝ գազի գնի չթանկացման համար ենք մտել ՄՄ: Նման հայտարարությունները չեն բխում ինքնիշխան պետության մոտեցումներից»,- նշեց Անժելա Խաչատրյանը:
Նրա դիտարկումներին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ տեսանյութի միջոցով:
Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի








































