«Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան սերտորեն կապված է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության գործընթացի հետ, և վստահաբար դրա արդյունքը լինելու է Սերժ Սարգսյանի և Պուտինի կողմից հաստատված «ճանապարհային քարտեզը»: Այսինքն՝ ժամանակացույց՝ Մաքսային միությանը և Եվրասիական տնտեսական միությանն անդամագրվելու Հայաստանի քայլերի ժամանակացույցը», – «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:
«Գաղտնիք չէ, արդեն իսկ հրապարակվել է Հայաստանի ԱԳՆ-ի կողմից, որ 2014 թվականի սկզբին Հայաստանը կսկսի միանալ Մաքսային միությանը, այսինքն կմիանա Մաքսային միության իրավապայմանագրային բազային, և բնականաբար, Պուտինի այցի ընթացքում կհայտարարվի, որ արդեն համաձայնացրել են այդ ժամանակացույցը, «ճանապարհային քարտեզը», որը նրանք երկուսով հանձնարարել էին (անցած տարվա օգոստոսի 8-ին էին հանձնարարել) երկու երկրների միջկառավարական հանձնաժողովին՝ մշակելու, որը կարծես թե պատրաստ է, այլապես հայտարարություն չէր արվի այն մասին, որ 2014 թվականի հունվարից սկսվում է Հայաստանի անդամակցության գործընթացը»,- ընդգծեց Ս. Սաֆարյանը:
Պատասխանելով մեր հարցերին, թե արյդոք սա մտավախություն չի՞ առաջացնում ընդդիմության մոտ, և որոնք պետք է լինեն վերջինիս անելիքները՝ Ստյոպա Սաֆարյանն ասաց. «Ես կարծում եմ՝ Հայաստանը չափազանց մտահոգիչ իրավիճակում է, որովհետև ընդդիմություն կազմող քաղաքական ուժերի զգալի մասը շատ ավելի ռուսամետ է, քան Հայաստանի իշխանությունը»:
Դիտարկմանը, թե սա անախորժություն չի՞ ստեղծում հենց այդ ռուսամետ ընդդիմադիր ուժերի համար, մեր զրուցակիցն արձագանքեց. «Իհա՛րկե: Այդ մրցակցության մեջ Սերժ Սարգսյանն ավելի մեծ շանսեր ունի հաղթելու: Բոլոր այն ռուսական կողմնորոշում ունեցող ուժերը, որոնք մտածում են, թե իրենք կարող են որևէ բան անել, կամ այսպես ասեմ՝ մրցակցության մեջ մտնել և հաղթել Սերժ Սարգսյանին այդ դաշտում, առնվազն միամիտ են: Նրանց Ռուսաստանը կարող է լավագույն դեպքում օգտագործել Սերժ Սարգսյանի նկատմամբ ազդեցությունն ավելացնելու համար, բայց իրեն հարմար որոշումներ կայացնելու հարցում միայն կօգտագործի: Նույնիսկ այս կոնտեքստում նրանք Սերժ Սարգսյանին չեն կարող հաղթել ռուսական դաշտում»:
Այն հարցին, թե արդյոք Պուտինի այցը Հայաստան ևս մեկ անգամ կլեգիտիմացնի՞ Սերժ Սարգսյանին, նախկին պատգամավորը պատասխանեց. «Այո, միանշանակ»:








































