Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Գրիգորյանի նախագահությամբ ավարտվեց «Օֆշորի» գործով տևական դատական քննությունը:
Մեղադրող դատախազը հաստատված էր գնահատել ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանին առաջադրված մեղադրանքները և միջնորդել էր նրան վերջին հաշվով դատապարտել 15 տարի ազատազրկման:
Ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանն իրեն մեղավոր չճանաչեց, ասաց, թե բիզնեսով զբաղվելը փողեր լվանալ չէ: Ամբաստանյալը պահանջեց, որ դատարանն իրեն արդարացնի և ազատ արձակի: Իսկ տուժող Հայրապետյանի դժգոհությանը ամբաստանյալը պատասխանեց. «Դուրս եկա՝ բոլորիդ պատժելու եմ ինձ այս վիճակին գցելու համար»: Նախագահողը սաստեց կողմերին. «Գողական ռազբորկաներին վերջ տվեք»:
Դատարանը մտավ խորհրդակցական սենյակ, ապա հրապարակեց դատավճիռը:
Աշոտ Սուքիասյանը մեղավոր ճանաչվեց մեղսագրված արարքների համար ու դատապարտվեց 16 տարի ազատազրկման:
Հիշեցնենք, որ Աշոտ Սուքիասյանը մեղադրվում էր փողերի լվացման, առանձնապես խոշոր չափերի հարկերի վճարումներից խուսափելու համար:
Աշոտ Սուքիասյանը, որպես «Ձորագյուղ» արտադրական կոոպերատիվի ղեկավար, ի թիվս այլ գործունեության, զբաղվել է ադամանդագործությամբ, ոսկեգործությամբ:
2010 թվականին նա դիմել է «Ամերիաբանկ»՝ աֆրիկյան Սիեռա Լեոնե երկրում իր կողմից շահագործվող ոսկու և ադամանդի հանքերից ոսկի ու ադամանդ արդյունահանելու, Հայաստան տեղափոխելու և Հայաստանում ադամանդագործությունը զարգացնելու նպատակով վարկ տրամադրելու հայտով:
Բանկը վարկային պայմանագրով Աշոտ Սուքիասյանի կոոպերատիվին տրամադրել է 12 միլիոն դոլար վարկ, որը հատկացվելու էր ոչ թե միանգամից, այլ աստիճանաբար, փուլ առ փուլ՝ ըստ բիզնեսի զարգացման տվյալների:
Բանկը 2010 թվականից մինչև 2011 թվականի հունիսի 15-ը Աշոտ Սուքիասյանին մաս-մաս տրամադրել է 10 միլիոն 700 հազար դոլար: Բայց նկատի ունենալով, որ վարկառուն սկսել է թերանալ իր պարտականությունների կատարման մեջ, բանկը բարձրացրել է վարկի տոկոսադրույքը՝ 12 տոկոսից հասցնելով 15 տոկոսի, ապա և բոլորովին չի տրամադրել մնացած 1 միլիոն 300 հազար դոլարը:
Վարկի տրամադրման համար բանկը որպես գրավ վերցրել է Աշոտ Սուքիասյանի հետ գործընկեր դարձած Փայլակ Հայրապետյանի՝ 50 միլիոն դոլար գնահատված գույքը, որից տուժող Հայրապետյանը արդյունքում զրկվել ու ներկա գործով ճանաչվել է որպես տուժող:
Ըստ Փայլակ Հայրապետյանի՝ բանկը իր որոշած վարկը մաս-մաս՝ ութ փոխանցումով ուղարկել է օֆշորային գոտի՝ Կիպրոս՝ երեք կազմակերպությունների, որոնցից մեկը Աշոտ Սուքիասյանի անունով է եղել: Հետո, ըստ Հայրապետյանի, այդ գումարները վերադարձրել են Հայաստան, ծախսել իրենց հաճույքների համար, իսկ ինքը զրկվել է իր ունեցվածքից:








































