Կառավարությունը հրաժարվեց 2014-ի պետական բյուջեում ավելացնել հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը` հակասելով «ստվերի դեմ պայքարի» մասին նախկինում իր արած բոլոր հայտարարություններին ու ծրագրերին:
Հայաստանի հարկեր/ՀՆԱ ցուցանիշը էականորեն ցածր է մեզ նման տնտեսությամբ երկրների համեմատ: Վրաստանում, օրինակ, հարկային դրույքաչափերն ավելի ցածր են (շահութահարկը` 15%, ԱԱՀ-ն` 18%), քան Հայաստանում (20%, 20%): Բայց Վրաստանում ավելի շատ հարկ է հավաքվում ՀՆԱ նկատմամբ (ավելի քան 25%), քան Հայաստանում (22%): Սա նշանակում է, որ մեր տնտեսության ստվերայնությունը նշանակալի է: Եվ որպես այդ ստվերի դեմ պայքարի միջոց և՛ Տիգրան, և՛ Սերժ Սարգսյանները բազմիցս կարևորել են հարկեր/ՀՆԱ ցուցանիշը տարեկան 0.3-0.4 տոկոսային կետով ավելացնելը:
«ՀՆԱ-ի մեջ պետական բյուջեի ծախսերի և պետական բյուջեի եկամտի հարաբերակցությունը մեզ մոտ ցածր է, և ամեն տարի Արժույթի միջազգային հիմնադրամում տնօրենների խորհուրդն այս հարցը բարձրացնում է… Եթե ՀՀ-ն չի ավելացնելու իր բյուջեի միջոցով ֆինանսական միջոցների վերաբաշխման տոկոսը, ապա դոնորները հրաժարվում են մեզ լրացուցիչ ֆինանսավորում տրամադրել, որովհետև այդ ռեսուրսները ՀՀ-ում առկա են»,- ասել էր Տիգրան Սարգսյանը 2 տարի առաջ:
«Մենք մշտապես պետք է ավելացնենք մեր հարկային մուտքերը, և երկրորդ՝ գիտենք, որ չնայած մեծ աշխատանք է կատարվել ստվերը կրճատելու ուղղությամբ, այդուհանդերձ, այն մնացել է և այլ՝ ավելի զարգացած երկրների հետ համեմատած, բարձր է»,- հայտարարել էր Սերժ Սարգսյանը մի քանի ամիս առաջ:
«Հարկային եկամուտների գծով 2014-2016 թվականների բյուջետային մուտքերը ծրագրվել են` հարկային եկամուտներ/ՀՆԱ ցուցանիշի` 0.3-0.4 տոկոսային կետով տարեկան աճ ապահովելու սկզբունքի հիման վրա»,- գրված է ընդամենը մի քանի ամիս առաջ կառավարության հաստատած միջնաժամկետ ծախսերի ծրագրում (էջ 53):
Եվ ահա պարզվում է, որ եկող տարվա բյուջեում կառավարությունը ուղղակի հրաժարվել է ավելացնել հարկային մուտքերը այդ 0.3-0.4 տոկոսային կետի չափով: Իհարկե, այնպես չէ, որ երբ կառավարությունը նախատեսում էր, կարողանում էր ավելացնել հարկեր/ՀՆԱ ցուցանիշը: Վերջին 5-7 տարիներին միշտ էլ ավելացում նախատեսվել է, բայց փաստացի կա՛մ չի կատարվել, կա՛մ կատարվել է նախատեսվածից պակաս չափով: Այնուամենայնիվ, հրապարակայնորեն միշտ ցույց էր տրվում, թե պետք է ավելացնել հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը, և որ իբր կառավարությունն այդ ուղղությամբ աշխատում է: Հիմա այլևս ձևականությունները վերացան: Վարչապետը առանց անհարմար զգալու (որ կհակասի իր նախկին հայտարարություններին ու ընդունած ծրագրերին) հայտարարեց. «Հարկեր-ՀՆԱ ցուցանիշը մենք ամեն տարի ավելացնում էինք 0.3-0.4 տոկոսային դրույքով, այս պահին մենք որոշում ենք ընդունում 0.3 տոկոսային կետով 2014 թվականին չավելացնել հարկեր-ՀՆԱ ցուցանիշը»:
Լուսանկարը՝ Photolure-ի








































