«Գահերի խաղի» ավարտվող 7-րդ եթերաշրջանի վերջին սերիան այդ սերիալի պատմության մեջ հեռուստալսարանի թվաքանակի ռեկորդ է սահմանել։ Այս մասին հայտնել է Nielsen հետազոտական ծառայությունը։
Վերջին սերիան հեռուստատեսային հեռարձակմամբ դիտել է 12.1 մլն մարդ։ Եվս մոտ 4 մլն անձիք դիտել են այն համացանցով՝ հոսքային ծառայություններով։ Ցուցանիշները 36 տոկոսով գերազանցում են 6-րդ եթերաշրջանի վերջին սերիայի ցուցանիշները։ Այն դիտել էր մոտ 8.9 մլն մարդ։
Հանրահայտ սերիալի վերջին սերիան HBO հեռուստաալիքը ցուցադրել էր կիրակի։ 7-րդ եթերաշրջանի առաջին սերիան ցուցադրվել էր հուլիսին ու հեռուստաէկրանների մոտ հավաքել ավելի քան 10 մլն հեռուստադիտողի։
«Գահերի խաղը» սերիալը ստեղծվել է ամերիկացի գրող Ջորջ Մարտինի «Սառույցի ու կրակի երգը» վիպաշարի հիման վրա։
Սերիալը հանդիսանում է ամերիկյան հեռուստատեսության պատմության ամենաթանկարժեք նախագծերից մեկը։ Վերջին՝ 8-րդ եթերաշրջանը, ինչպես սպասվում է, եթեր կբարձրանա հաջորդ տարի։









































